.
ՀԱԵ-ն Գյումրիում հյուրընկալել էր AMAA-ի Revive ծրագրի մասնակիցներին

Հոկտեմբերի 23-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին (ՀԱԵ) Գյումրիում, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Գյումրու գրասենյակի հետ համագործակցությամբ, իր հարկի տակ էր հավաքել AMAA-ի Revive կեցության եւ կենսապահովման ծրագրի մասնակից՝ Արցախից բռնի տեղահանված 15-ից ավելի ընտանիքի, ովքեր իրենց նոր տունն են¬ գտել Շիրակի մարզում և փորձում են իրենց կյանքը կառուցել մայր հայրենիքում։ 

Կազմակերպված միջոցառմանը AMAA-ն ամփոփեց 10 ամսվա ընթացքում ընտանիքների հետ կատարված աշխատանքն ու լսեց նրանց հաջողությունների, ձեռքբերումների, փորձառությունների մասին:

ՀԱԵ-ն, իր հերթին, կանչված լինելով Ավետարանը քարոզելու և Աստծո Խոսքի ճշմարտությունները տալու՝ ինչ-որ իմաստով Գյումրիում Revive-ի մասնակիցների հանդեպ հոգևոր խնամքն է ստանձնել։ Հանդիպման օրը ՀԱԵ Գյումրու հոգևոր հովիվ պատվելի Արամ Բաբաջանյանը քաջալերեց ներկաներին Աստծո Խոսքից պատգամով:  Խոսելով Հովհաննու Ավետարանի 10-րդ գլխի 11-րդ համարի շուրջ՝ «Ես եմ բարի հովիվը. բարի հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար», պատվելին կոչ արեց անդրադառնալ, որ Քրիստոսն է Բարի Հովիվը, ով փարատում ու լցնում է մարդու հոգու ներքին անհույս միայնությունը, անելանելի դատարկությունը և իրական ու հավիտենական հույսն է բերում:

«Քրիստոսն է Բարի Հովիվը, ով ճշմարիտ առաջնորդն է, ում Ավետարանի օրենքը, սկզբունքներն ու արժեքներն են, որ կարող են Իր ժողովրդին տանել արդարության, իրավունքի և ճշմարտության ճանապարհով այս երկրի վրա՝ մեր հայրենիքում, և դեպի հավիտենություն գնացող մեր հոգևոր ճամփորդության ընթացքում»,- ավելացրեց պատ. Արամ Բաբաջանյանը։ 

Պատվելին նաև հույս հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումներն ու հոգևոր թեմաների շուրջ խորհրդածությունները շարունակական կլինեն։ 

AMAA-ի Revive ծրագրի մասին Արմենպրեսս գործակալության անդրադարձին ծանոթացեք այստեղ՝ https://armenpress.am/

Նախորդ
...
X