.
Ֆիլադելֆիայի Հայ Ավետարանական համայնքն ու Բակալյան ընտանիքը մեծարժեք ձեռագրեր նվիրեցին Մատենադարանին

Տարագիր հայի գաղթի ճամփան անցած ձեռագիր գրքերը վերջապես տուն հասան…

 

Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների հարաբերությունների համակարգող վեր. Նշան Բակալյանն ու տիկինը՝ Մարիա Բակալյանը, այս օրերին Հայաստանում են՝ հատուկ առաքելությամբ. տարիներ առաջ ազգականից ստացած 18-րդ դարի Սաղմոսարանն ու Շարակնոց ձեռագիր գրքերը նրանք ընծայեցին Մատենադարանին:

Հարցին, թե ինչու՞ այդպես որոշեցին, վեր. Նշանը պատախանում է. «Այս ձեռագրերն այնքան արժեքավոր են, որ միայն մերը չէին կարող լինել: Ոմանք մեզ հարցնում են, թե ինչու՞ չվաճառեցինք, լավ գումար կշահեինք: Բոլոր այդ մարդկանց նույն պատասխանն եմ տալիս. այդ կերպ այս գրքերի արժեքը կիջեցնեինք: Սրանք անգին են, դրա համար պետք է լինեն բոլորինը»:

Արժեքավոր ձեռագրերի ընծայաբերման նպատակով հայրենիքում են նաև վեր. Նշանի քույրն ամուսնու հետ: Քեշիշյան ընտանիքը Ֆիլադելֆիայի Հայ Ավետարանական Նահատակաց եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության անունից Մատենադարանին ընծայեցին 15-16-րդ դարերի Գանձարան և 18-րդ դարի Ժողովածու, որոնք փրկվել են Թուրքիայի խանութներից մեկում հայտնված ամերիկացի միսիոների գնումների արդյունքում:

Հոկտեմբերի 25-ին Մատենադարանի թանգարանի ընծայաբերման սրահում յուրահատուկ, խորհրդավոր մթնոլորտ էր. «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության շրջանակներում 4 արժեքավոր ձեռագրի ընծայաբերման հանդիսավոր արարողությունն էր:

Խորհրդավոր լուսավորությամբ սրահը զարդարված էր  Մատենադարանի խոշոր նվիրատուների տարբեր տարիների ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի ու հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուների ցուցադրությամբ։ Տասնյակ հյուրեր էին հավաքվել, այդ թվում՝ նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվներ, ծառայողներ ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներ:

«Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի կատարման առաջին հնչյունների հետ սրահ մտան Բակալյան և Քեշիշյան ընտանիքները՝ ներս բերելով ընծաները:  

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց նվիրատուներին ու պատմեց, թե որքա՜ն կարևոր են Մատենադարանի համար ընծայաբերված ձեռագրերն ու որքա՜ն են հուզվել աշխատակիցները, երբ հաստատվել է նվիրաբերման լուրը:

«Մատյանի մուտքը Մատենադարան, մեր կարծիքով ամենից սպասված և կարևոր իրադարձություններից է ոչ միայն տնօրինության և աշխատակազմի համար, այլև հոգևոր արժեքներին առնչվող և դրանց հանդեպ պատասխանատվության զգացումով օժտված յուրաքանչյուր հայի համար»,- նշեց պարոն Խզմալյանը:

«Այս ձեռագրերն այստեղ հասան գաղթի ճանապարհով՝ Օսմանյան Կայսրությունից՝ Խարբերդից, Պոլսից մինչև ԱՄՆ՝ Ֆիլադելֆիա, Ֆլորիդա, Վաշինգտոն, այնուհետև՝ Բեյրութ: Այս ճանապարհն անցած գրքերը վերջապես տանն են: Սրանք կարծես հայ ժողովրդի խորհրդանիշն են»,- նշեց վեր. Նշան Բակալյանը՝ ավելացնելով, որ ինչպես աստվածատուր մշակույթն է մարդուն հարստացնում, այնպես էլ իրար բարձրացնող մարդիկ են հարստացնում ազգը:  

Բարձրարժեք ձեռագրերի ընծայաբերման համար Վեր. Նշան Բակալյանն ու տիկին Մարիան արժանացան «Բարերար Մատենադարանի ոսկե մեդալ»-ի:

Ընծայաբերման արարողությանը հաջորդեց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի համերգային ծրագիրը: Հոգեթով ձայների սիմֆոնիան ամբողջացրեց արարողության հոգևոր ու մշակութային նշանակությունը:

Արարողության ընթացքի մասին Մատենադարանի պատրաստած տեսանյութը՝ ստորև:  

 

 

Նախորդ
...
X