.
2024թ., Հոկտեմբերի 29

Փիլիպպեցիներին 4.4-9                  Երեքշաբթի   |   Հոկտեմբերի 29

 

 

Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Փիլ. 4.6

 

ԴԱԴԱՐ ԱՌՆԵԼ՝ ԱՂՈԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Միսիսիպիի օդերևութաբանը հայտնի դարձավ 2023 թվականի մարտի 24-ի ուղիղ եթերով եղանակի տեսության ժամանակ արտաբերած վեց պարզ, բայց խորիմաստ բառերով: Մեթ Լոբանը հետևում էր սաստիկ փոթորկին, երբ հասկացավ, որ աղետալի տորնադոն պատրաստվում է հարվածել Էմորի քաղաքին: Հենց այդ ժամանակ ուղիղ եթերի ժամանակ ամբողջ աշխարհը լսեց այս աղոթքը. «Սիրելի Հիսուս, խնդրու՜մ եմ, օգնի՛ր նրանց: Ամեն»: Ավելի ուշ ռադիոլսողներից շատերը խոստովանեցին, որ այս աղոթքը դրդեց իրենց արագ ապաստան գտնել։ Նրա ինքնաբուխ և անկեղծ աղոթքը օգնեց բազմաթիվ կյանքեր փրկել:

Մեր աղոթքները նույնպես կարող են փոփոխություն բերել: Պարտադիր չէ երկար բառերի շղթա արտասանել, մեր աղոթքը կարող է բաղկացած լինել կարճ ու քաղցր բառերից, որ կարող ենք մեր մտքում աղոթել օրվա ցանկացած ժամի։ Անկախ նրանից, թե աշխատավայրում ենք, արձակուրդում թե տանը, մենք կարող ենք «անդադար աղոթել» (Ա Թես. 5.17):

Աստծուն հաճելի է, որ մենք աղոթենք ողջ օրվա ընթացքում: Պողոս առաքյալը հիշեցնում է մեզ, որ մենք չպետք է լինենք անհանգստության կամ վախի գերի, այլ որ կարող ենք մեր բոլոր անհանգստություններն ու հոգսերը գցել Աստծո վրա. «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպ. 4.6-7):

Անկախ նրանից, թե մենք ինչ իրավիճակում ենք՝ վայելում ենք մեր կյանքի պայծառ օրերըը, թե փոթորիկների մեջ ենք, եկե՛ք հիշենք մի պահ կանգ առնելու և աղոթելու կարևորության մասին:

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ ամեն ժամանակ մեր աղոթքները լսում և պատասխանում ես: Ամեն։

 

Անդրադարձ կատարենք, թե արդյո՞ք տարիների ընթացքում մեր աղոթքի կյանքն աճում է:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |       Երեմիա 18-19, Բ Տիմոթեոսին 3