Աստծո Խոսքի քարոզչությունն Աստծո կողմից մարդուն վստահված թերևս ամենապատասխանատու և կարևոր ծառայությունն է: Քարոզիչը, կանգնելով մարդկանց ու ողջ աշխարհի առջև, հայտարարում է. «Ահա, թե ինչ է ասում Աստված…»:
Այդ պատճառով Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին հատուկ ուշադրություն է դարձնում հովիվների ու քարոզիչ եղբայրների կրթությանը:
Երկու տարի՝ տարին 4 անգամ, 5-օրյա սեմինարների արդյունքում ՀԱԵ 25 հովիվ ու 5 ծառայող եղբայր կարողացան խորացնել իրենց աստվածաշնչյան ու քարոզաբանության գիտելիքները՝ առանց եկեղեցական ծառայություններից կտրվելու:
Հոկտեմբերի 21-ին, ՀԱԵ Բաղրամյան 18-ում, հատուկ պաշտամունքի ընթացքում տեղի ունեցավ սեմինարն ավարտած հովիվների ու ծառայողների վկայայանների հանձման պաշտոնական արարողությունը:
Փառաբանության երգերից, աղոթքից ու փոխասաց ընթերցումից հետո Աստծո Խոսքից քարոզեց դասախոս վեր. Հովհաննես Բաջանյանը:
Վերապատվելին պատգամի նյութն առել էր Պողոս առաքյալի՝ Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակի 4-րդ գլխի 1-5 համարներից՝ շեշտելով, որ սրանք Պողոսի վերջին պատգամներն են, հետևաբար, կարելի է ասել՝ ամենակարևոր ասելիքները: Նա ընդգծեց 6 անսակարկելի մոտեցում Աստծո Խոսքը քարոզելու համար.
1. Լրջությամբ մոտենալ կոչին
2. Քարոզել միայն Աստծո Խոսքը
3. Քարոզել խոսքը միշտ
4. Խոսքը քարոզել հովվական հոգատարությամբ
5. Քարոզել Խոսքն անկախ նրանից, թե մյուսներն ինչ կանեն
6. Քարոզել հավատարմորեն, նույնիսկ եթե հալածանք կա
Պատգամից հետո հովիվներից մի քանիսը վկայեցին դասընթացի կարևորության ու քաղած պտուղների մասին: Վեր. Վարդան Ափինյանը նկատեց, որ ծառայության 21 տարվա ընթացքում մի բան լավ է հասկացել՝ աշակերտ լինելը մշտական ընթացք է, իսկ վեր. Հրանտ Բադալյանը նշեց, որ հոգևոր կրթության ցանկացած առիթ Աստծո շնորհն է ու մեծ օրհնություն:
Վկայականների հանձնման արարողության համար Սամարայից Հայաստան էր ժամանել դասընթացի պատասխանատուներից Էրիկ Աբդունոբիևը:
Մինչ դասընթացի մասնակիցներին հերթով բեմ հրավիրելն ու վկայականները հանձնելը, նա մեջբերեց Հեսու 1.6-9 համարները, որտեղ Հեսուն ժողովրդին խոստացված երկիր պետք է տաներ և Տերը նրան ամուր ու համարձակ լինելու կոչ է անում: Էրիկ Աբդունոբիևը քաջալերեց եղբայրներին հետևյալ խոսքերով. «Ձեր առաջադրանքը պակաս կարևոր չէ: Դուք մարդկանց դեպի Աստծո Արքայություն եք առաջնորդում, ուստի զորացե՛ք և քաջ եղե՛ք՝ Աստծո Խոսքը ամուր բռնած, որովհետև Տեր Աստվածը ձեզ հետ է»:
Պաշտամունքն ավարտվեց բեմում կանգնած եղբայրների թնդուն ձայներով Հայր Մեր աղոթք-երգով և հյուրընկալող եկեղեցու հոգևոր հովիվ վեր. Գևորգ Գասպարյանի օրհնության աղոթքով: