.
ՀԱԵ հովվական ընտանիքը համալրվեց

2018թ.-ի ապրիլի 8-ը յուրահատուկ էր Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու համար: ՀԱԵ ձեռնադրյալ հովիվների ընտանիքը համալրվեց եւս երկուսով: ՀԱԵ ՔԴ տնօրեն պատվելի Ավետիք Խաչատրյանը եւ ՀԱԵ Շիրակամուտի հոգեւոր հովիվ պատվելի Վարդան Ափինյանը, ՀԱԵ ձեռնադրության ընթացակարգի համաձայն անցնելով նախատեսված բոլոր փուլերը, ՀԱԵ ձեռնադրյալ հովիվների ձեռամբ ստացան Տիրոջ օծությունը եւ «Վերապատվելի» տիտղոսը: Ձեռնադրության պաշտամունքը տեղի ունեցավ ՀԱԵ Բաղրամյան 18-ում: Ներկա էին  ՀԱԵ հովիվներն իրենց կանանց հետ, ծառայողներ, համայնքի անդամներ եւ հյուրեր: Պաշտամունքը սկսվեց փառաբանության երգերով, որի ընթացքում եղավ նաեւ Նիկիական հանգանակի միասնական ընթերցում : Այնուհետեւ, ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը, կարդալով Պողոս Առաքյալի՝ Տիմոթեոսին գրած 2-րդ նամակի 4.1-5 համարները, նախ անդրադարձավ առաջին դարում ձեռնադրության կարգին ու անհրաժեշտությանը, այնուհետեւ խոսեց ձեռնադրյալ հովվի առաքելության, դժվարությունների եւ օրհնությունների մասին: Վեր. Մելքոնյանը հորդորեց ձեռնադրության թեկնածուներին արթուն մնալ, համբերել նեղություններին եւ կատարել այն առաքելությունը, որի համար կանչված են (պատգամն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ՝ http://www.eca.am/media/audio/patgam): Պատգամից հետո, Վեր. Հովհաննես Հովսեփյանն ընթերցեց ՀԱԵ խորհրդի որոշումը. «Պատ. Ավետիք Խաչատրյանը եւ պատ. Վարդան Ափինյանն ասվածաբանական կրթություն են ստացել Հայաստանյայց Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիայում, փորձաշրջան են անցել ինչպես հայրենիքում՝ ծառայելով իրենց ստանձնած եկեղեցիներում, այնպես էլ հայրենիքից դուրս՝ Միացյալ Նահանգներում և Մերձավոր Արևելքում, պարբերաբար հանդիպումներ են ունեցել հովվական հանձնախմբի հետ՝ բանավոր և գրավոր քննություններ հանձնելով, պատրաստել են Աստվածաբանական թեզեր, որոնք ստուգվել են հովվական հանձնախմբի կողմից և դրական գնահատվել: ՀԱԵ խորհուրրդը որոշել է ձեռնադրել նրանց որպես ՀԱԵ հոգևոր հովիվ՝ շնորհելով «Վերապատվելի» տիտղոսը»։ Որոշման ընթերցմանը հաջորդեց հովվական ուխտը, որի ժամանակ ձեռնադրվող հովիվները հաստատեցին իրենց հավատարմությունն ու պատրաստակամությունը՝ ամբողջությամբ ծառայելու Աստծուն եւ Նրա եկեղեցուն: Հաստատումից հետո տեղի ունեցավ բուն ձեռնադրության արարողությունը, որի ընթացքում ՀԱԵ ձեռնադրյալ հովիվները, դնելով իրենց ձեռքը, աղոթեցին պատ. Ավետիք Խաչատրյանի եւ պատ. Վարդան Ափինյանի համար: Խորհրդանշական արարողություն էր նաեւ աղոթքին հաջորդող «Աջ ձեռքի տվչությունը», որի ժամանակ նախորդ անգամ ձեռնադրված հովիվներն իրենց աջը տվեցին նոր վերապատվելիներին եւ բարի գալուստ մաղթեցին ՀԱԵ ձեռնադրյալ հովիվների ընտանիք: Պաշտամունքն ավարտվեց վերապատվելի Ավետիք Խաչատրյանի եւ վերապատվելի Վարդան Ափինյանի՝ նոր կարգավիճակում առաջին անգամ հնչեցրած Առաքելական օրհնությամբ:

Նախորդ
...
X