Հոգևոր միաբանության ուժի մասին ոչ միայն տեսականորեն սովորեցին, այլև գործնականում զգացին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Իջևանի, Դիլիջանի, Ազատամուտի, Բերդի ու Վանաձորի երիտասարդները, հոկտեմբերի 12-ին:
Մեկօրյա երիտասարդական համագումարի 70-ից ավելի մասնակցի հյուրընկալել էր ՀԱԵ-ն Իջևանում: «Մենք ուժեղ ենք Քրիստոսով» խորագրի շուրջ հավաքված երիտասարդները նախ միասնական փառաբանություն բարձրացրին առ Աստված. Վանաձորի երիտասարդական երգչախմբի կատարմամբ հոգևոր երգերը միաբանեցին մասնակիցներին Աստծո ներկայության մեջ:
Օրվա պատգամաբերը ՀԱԵ Դիլիջանի հոգևոր հովիվ վեր. Գառնիկ Թութիկյանն էր: Նա խոսեց Ա Հովհ. 2.13 համարի շուրջ .«Գրում եմ ձեզ, հայրե՛ր, որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։ Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև հաղթեցիք չարին»: Վերապատվելին խոսեց հարգանքի, փորձառության և տարբեր սերունդների փոխհարաբերությունների մասին՝ շեշտելով, որ երիտասարդները պետք է հաղթեն չարին:
Երիտասարդները նաև խմբային քննարկումներ ունեցան Ա Տիմոթեոս 4.12 համարի շուրջ. «Մինչև իմ գալը ուշադրությո՛ւն դարձրու ընթերցանությանը, խրատելուն և ուսուցանելուն»։ Քննարկվեցին թեմաներ, որոնք կօգնեն երիտասարդներին հասկանալ, թե ինչպես կարող են օրինակ լինել իրենց հավատքով, ազնվությամբ, վարքով, սիրով ու խոսքով:
Հոգևոր սնունդից բացի երիտասարդներին համեղ հյուրասիրություն ու հետաքրքիր էքսկուրսիա էր սպասվում: Համագումարի ավարտից հետո երիտասարդներն այցելեցին Հաղարծնի վանք և Իջևանի «Մայր Հայաստան» պուրակ, որտեղ միասին հետաքրքիր խաղեր խաղացին ու ժողովրդական պարեր սովորեցին։
Հանդիպումն ավարտվեց միասնական լուսանկարով, որը կհիշեցնի իջևանյան համագումարի յուրահատուկ պահերի մասին: