.
Վեր. Հովհաննես Հովսեփյանը դադարեցնում է ՀԱԵ ավագ հովվի ծառայությունը

Հոկտեմբերի 13-ին՝ ՀԱԵ Բաղրամյան 18-ի կիրակնօրյա պաշտամունքի ընթացքում, հատուկ աղոթք ու հրաժեշտի խոսք հնչեց՝ ուղղված Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) ավագ հոգևոր հովվի ծառայությունը երկու տարի ստանձնած վեր. Հովհաննես Հովսեփյանին:  

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի գրասենյակի ղեկավար Արեն Դեյիրմենջյանը հայտարարեց, որ ընտանեկան պատճառներով վեր. Հովհաննես Հովսեփյանը մեկնում է ԱՄՆ, որտեղ շարունակելու է հովվական ծառայությունն ավետարանական մեկ այլ համայնքում: Նա շնորհակալություն հայտնեց Վեր. Հովսեփյանին իր պտղաբեր ծառայության համար: Արեն Դեյիրմենջյանն ընդգծեց, որ երկու տարի առաջ AMAA-ը որոշում կայացրեց, որ ՀԱԵ ավագ հովիվը պետք է ընտրվի հենց ՀԱԵ-ից, և շարունակում է քաջալերել այդ սկզբունքը: Նա հայտարարեց նաև, որ ՀԱԵ ավագ հոգևոր հովվի ժամանակավոր պաշտոնակատարն այս պահին Վեր. Ավետիք Խաչատրյանն է: Նոյեմբերին նախատեսվող ՀԱԵ Հոգևոր Խորհրդի ընտրություններից հետո տեղի կունենա նաև ՀԱԵ ավագ հովվի արտահերթ ընտրություն: 

Այնուհետև Վեր. Ավետիք Խաչատրյանը, կարևորելով եկեղեցում յուրաքանչյուր ծառայողի տեղն ու դերը, ընթերցեց վեր. Հովսեփյանի կենսագրությունը և մաղթեց, որ Աստված պտղաբեր անի նոր ծառայությունը նոր վայրում: Վեր. Խաչատրյանը նաև աղոթք բարձրացրեց առ Աստված Վեր. Հովսեփյանի ու նրա ընտանիքի համար:

Օրվա պատգամաբերը Վեր. Հովհաննես Հովսեփյանն էր, պատգամի նյութն աստվածճանաչողության մասին էր՝ առնված Բ Պետրոս 1․1-2 հատվածից. «… և թող խաղաղությունը շատանա Աստծու և մեր Տեր Հիսուսի մասին գիտությամբ»: