.
2024թ., Հոկտեմբերի 22

Մատթեոս 23.23-33                                Երեքշաբթի   |   Հոկտեմբերի 22

 

 

 

Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, բայց ներսից լի են հափշտակությամբ ու անժուժկալությամբ։ Մատթ. 23.25

 

ՎԵՐԱՓՈԽՎԱԾ ՆԵՐՍԻՑ

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայում բռնկված բնակելի տարածքի ամենասարսափելի հրդեհի ժամանակ կրակը պատեց Արևմտյան Լոնդոնում գտնվող Գրենֆել Թաուերի քսանչորս հարկանի շենքը, ինչի հետևանքով զոհվեց յոթանասուն հոգի: Հետաքննությունը պարզեց, որ հրդեհի այսքան արագ տարածման հիմնական պատճառը վերանորոգման ընթացքում օգտագործված երեսպատումն էր, որով ծածկվել էր շենքի արտաքին տեսքը։ Նյութը դրսից ալյումին էր, բայց ուներ չափազանց դյուրավառ պլաստիկ միջուկ:

Ինչպե՞ս էր թույլատրվել նման վտանգավոր նյութի վաճառքը և տեղադրումը: Ապրանքի վաճառողները թաքցրել էին հրդեհային անվտանգության վատ փորձարկման արդյունքները: Իսկ գնորդները, գրավված նյութի ցածր գնով, ուշադրություն չէին դարձրել նախազգուշացնող նշաններին։ Փայլուն երեսպատումը դրսից գեղեցիկ տեսք ուներ։

Հիսուսի ամենակտրուկ խոսքերից մի քանիսն ուղղված էին կրոնական ուսուցիչներին, ում Նա մեղադրում էր գեղեցիկ արտաքինի հետևում կոռուպցիան թաքցնելու մեջ. «Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ նման եք ծեփած գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ» (Մատթ. 23.27): Արդարության, ողորմության և հավատքի հետամուտ լինելու փոխարեն (հ. 23), նրանք կենտրոնացած էին լավ տեսք ունենալու վրա՝ մաքրելով «բաժակի ու ափսեի դրսի կողմը», բայց ոչ ներսի «հափշտակությունն ու անժուժկալությունը» (հ. 25):

Ավելի հեշտ է կենտրոնանալ գեղեցիկ տեսք ունենալու վրա, քան ազնվորեն ձեր մեղքն ու կոտրվածությունն Աստծո առաջ բերել: Բայց գեղեցիկ տեսքը վատ սիրտը պակաս վտանգավոր չի դարձնում: Աստված հրավիրում է բոլորիս թույլ տալ Իրեն վերափոխել մեզ ներսից. «Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհ. 1.9):

 

Աղոթք – Սիրելի՛ Աստված, խնդրում եմ, օգնիր ինձ չթաքցնել Քեզնից սրտիս կոտրված վիճակը, այլ թույլ տալ, որ վերափոխես այն: Ամեն։

 

Մենք միշտ փորձում ենք թաքցնել մեր մեղքերը, սակայն կարևոր է, որ առաջնահերթությունը տանք մեր ներքին վերափոխմանը:





Աստվածաշունչը մեկ տարում      |       Եսայի 65-66, Ա Տիմոթեոսին 2