Ելք 16.11-19 Հինգշաբթի | Հոկտեմբերի 17
Մովսեսն ասաց նրանց. «Սա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ՝ ուտելու»։ Ելք 16.15
ԱՍՏԾՈ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Աշխարհն ապշեց, երբ 2023 թվականի հունիսին Կոլումբիայի Ամազոնի ջունգլիներում կենդանի գտան չորս քույր ու եղբայր՝ մեկից տասներեք տարեկան: Անհետ կորած երեխաներն ինքնաթիռի վթարից հետո քառասուն օր գոյատևել էին ջունգլիներում, իսկ նրանց մայրը ցավոք զոհվել էր ավիավթարից: Երեխաները, ծանոթ լինելով վայրի բնության մեջ գոյատևելու դժվար պայմաններին, թաքնվել էին կենդանիներից ծառերի կոճղերի մեջ, օգտվել առվակներից և անձրևաջրերից, կերել վթարված ինքնաթիռից գտած կերակուրը: Նրանք նաև գիտեին, թե որ վայրի մրգերն ու սերմերն են անվտանգ ուտելու համար:
Աստված Իր ապահովության մեջ պահեց փոքրիկներին: Նրանց անհավանական պատմությունը հիշեցնում է մեզ այն մասին, թե ինչպես Աստված անապատում քառասուն տարի հրաշքով պահեց իսրայելացիներին, որն արձանագրված է Ելք, Թվեր գրքերում և նշված է ամբողջ Աստվածաշնչում: Տերը կենդանի պահեց նրանց, որպեսզի նրանք իմանան, որ Նա իրենց Աստվածն է: Նա դառն աղբյուրի ջուրը քաղցրահամ ջրի վերածեց, երկու անգամ ջուր բխեցրեց ժայռից և Իր ժողովրդին առաջնորդեց ցերեկն ամպի սյունով, իսկ գիշերը՝ կրակի։ Աստված իսրայելացիներին նաև մանանա տվեց. «Մովսեսն ասաց նրանց. «Սա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ՝ ուտելու։ Տիրոջ պատվիրածն այս է. «Ամեն մեկդ դրանից հավաքե՛ք ձեր ուտելու չափ» (Ելք 16.15-16):
Նույն Աստվածը տալիս է մեզ «մեր հանապազօրյա հացը» (Մատթ. 6.11): Մենք կարող ենք վստահ լինել, որ Նա կհոգա մեր կարիքները «Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով» (Փիլիպ. 4.19):
Աղոթք – Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ իմ բոլոր կարիքները հոգալու համար:
Ամեն։
Ի՜նչ հզոր և հոգատար Աստված ունենք, ում կարող ենք վստահել:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 50-52, Ա Թեսաղոնիկեցիներին 5