Հովհաննես 15.9-11 Չորեքշաբթի | Հոկտեմբերի 16
Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Հովհ. 15.11
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ
Շարժվե՛ք ուրախության արագությամբ: Այս արտահայտությունը մտքիս եկավ, երբ մի առավոտ աղոթում և մտածում էի գալիք տարվա մասին: Այդ միտքը շատ տեղին էր, քանի որ գերլարված աշխատանքի հակում ունեի, ինչը հաճախ քամում էր ուրախությունս։ Այսպիսով, հետևելով այս ուղեցույցին՝ ես որոշեցի հաջորդ տարվա ընթացքում աշխատել օգտակար և հաճելի տեմպի մեջ՝ տեղ թողնելով նաև ընկերների հետ ժամանակ անցկացնելու և ուրախ գործունեության համար:
Այս որոշումս տևեց մի քանի ամիս, մինչև մարտ։ Այնուհետև ես սկսեցի համագործակցել համալսարանի հետ՝ վերահսկելու փորձնական դասընթացը, որը ես մշակում էի: Ուսանողների ուսուցմամբ պայմանավորված՝ շուտով սկսեցի երկար ժամեր անցկացնել համալսարանում: Արդյունքում ուրախության «արագությունս» պակասեց:
Հիսուսը խոստանում է ուրախություն նրանց, ովքեր հավատում են Իրեն, ասելով մեզ, որ այն գալիս է, երբ մնում ենք Իր սիրո մեջ (Հովհ. 15.9) և աղոթքով մեր կարիքները բերում Նրան (Հովհ. 16.24): «Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի» (15.11): Այս ուրախությունը տրվում է մեզ որպես Սուրբ Հոգու պարգև, որի հետ մենք պետք է քայլենք (Գաղ. 5.22-25): Ես հասկացա, որ կարող եմ ուրախություն պահպանել նաև իմ սթրեսային ժամանակներում, եթե ամեն երեկո ժամանակ անցկացնեմ Աստծո հետ և աղոթքի կյանքում հարատևեմ:
Քանի որ ուրախությունն այդքան կարևոր է, իմաստ ունի այն դարձնել առաջնահերթություն մեր օրվա հագեցած գրաֆիկում: Բայց քանի որ կյանքը երբեք ամբողջովին մեր վերահսկողության տակ չէ, ես ուրախ եմ, որ մենք ունենք ուրախության մեկ այլ աղբյուր՝ Սուրբ Հոգին: Ինձ համար այժմ ուրախության արագությամբ շարժվելը նշանակում է քայլել աղոթքի արագությամբ՝ ժամանակ հատկացնել՝ ուրախություն Տվողից ստանալու համար:
Աղոթք – Սիրելի՛ Սուրբ Հոգի, այսօր կրկին լցրու՜ ինձ Քո սիրով, խաղաղությամբ և ուրախությամբ: Ամեն։
Ի՞նչն է խանգարում քո ուրախությանը: Դիմի՛ր Ուրախության աղբյուրին և վստահի՛ր Նրան:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 47-49, Ա Թեսաղոնիկեցիներին 4