.
Կանանց Համաշխարհային Աղոթքի Օրը Հայաստանում

Կանանց համաշխարհային աղոթքի օրը (ԿՀԱՕ) գրեթե մեկդարյա պատմություն ունի: Այսօր աշխարհի ավելի քան 170 երկրում ամեն տարի՝ մարտ ամսվա առաջին ուրբաթ օրը, կազմակերպվում է Կանանց Համաշխարհային աղոթքի օր, որի ընթացքում տարբեր հարանվանությունների միլիոնավոր քրիստոնյա կանայք  միասնաբար աղոթում են տվյալ տարվա ԿՀԱՕ ծրագիրը կազմած երկրի եւ ժողովրդի համար: Այս տարի՝ մարտի 2-ին, ԿՀԱՕ-ին միացած երկրներում աղոթքներ բարձրացան Սուրինամի համար, հատկապես այն խնդիրների, որոնք առանձնացրել էին այդ երկրի ներկայացուցիչները: Սուրինամի համար ԿԱՀՕ-ի խորագիրը Ծննդոց 1.1-31-ն էր «Աստծո ամեն ստեղծագործություն շատ բարի է», իսկ աղոթքի խնդրանքը՝ շրջակա միջավայրի հանդեպ խնամքն ու հոգատարությունը:

Այս տարի առաջին անգամ Հայաստանում ԿՀԱՕ-ի առիթով, ՀԱԵ Բաղրամյան 18-ում համախմբվել էին ուղղադավան 3 եկեղեցիների՝ Հայաստանյայց Առաքելական, Հայաստանյայց Կաթողիկե եւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ներկայցուցիչները՝ 100-ից ավելի մասնակից Երեւանից եւ հարակից քաղաքներից: Էկումենիկ պաշտամունքը սկսվեց ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ՝ Վեր. Մկրտիչ Մելքոնյանի ողջույնի խոսքով եւ կղերականներին ներկայացնելով, այնուհետեւ տեսաշարով ներկայացվեց Սուրինամին՝ աշխարհագրական դիրքից մինչեւ առկա խնդիրները, ինչպես նաեւ՝ կանանց առօրյան ու հոգսերը: Պաշտամունքի հատվածը սկսվեց Շարականով, որին հաջորդեց ուղղափառ երեք համայնքների ներկայացուցիչների աղոթքը ոչ միայն Սուրինամի, այլեւ Հայաստանի խնդիրների համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դաստիարակչության գծով փոխտեսուչ՝ Տեր Երեմիա  աբեղա Աբգարյանը Ամենակարող Աստծո պաշտպանությունը խնդրեց ներկաների ու հատկապես կանանց համար: Երեւանի Հայ Կաթողիկե Եկեղեցու ժողովրդապետ՝ Տեր Կոմիտաս քահանա Դավեյանն իր խոսքում կարեւորեց կանանց դերը հասարակության մեջ եւ փառք տվեց Աստծուն նաեւ տարբեր տեղերից ու տարբեր եկեղեցիներից Իր անվան շուրջ հավաքված համայնքների համար: Աղոթքի բաժինը եզրափակեց ՀԱԵ խորհրդի նախագահ՝ Վեր. Ալբերտ Փայտյանը: ԿՀԱՕ-ի պատգամաբերն այս տարի ՀԱԵ հովիվ՝ Վեր. Հովհաննես Հովսեփյանն էր, ով խոսելով Ծննոդոց 1-ին գլխի շուրջ՝ կարեւորեց մարդկանց դերը՝ որպես Աստծո ստեղծագործության նկատմամբ տնտեսների, որոնց կարեւոր առաքելությունը բնության եւ միմյանց հանդեպ հոգատարությունն է: Պատգամից հետո ԿՀԱՕ-ի մասնակիցները փոխադարձ ընթերցանության միջոցով խոստովանության եւ ներման աղոթք արեցին: Պաշտամունքն  ավարտվեց Տերունական աղոթք-երգով եւ  Տեր Երեմիա  աբեղա Աբգարյանի օրհնության աղոթքով:

Նախորդ
...
X