Ա Թեսաղոնիկեցիներին 5.16-22 Ուրբաթ | Հոկտեմբերի 11
Անդադար աղոթե՛ք։ Ա Թես. 5.17
ՄԻՇՏ ԱՂՈԹԻ՛Ր
«Ես ստացել եմ 84 միավոր քննական թեստից»:
Ես զգացի իմ դեռահաս աղջկա հուզմունքը, երբ կարդացի նրա այս հաղորդագրությունը: Նա նոր էր սկսել հաճախել ավագ դպրոց և լանչի ժամանակ օգտագործում էր իր հեռախոսը։ Իմ մայրական սիրտը ցնծում էր ոչ միայն այն պատճառով, որ աղջիկս հաղթահարեց դժվարին թեստը, այլ նաև այն պատճառով, որ նա որոշել էր առաջինը հենց ինձ պատմել այդ մասին և կիսվել իր լավ նորությամբ։
Նրա հաղորդագրությունը լցրեց իմ օրը, ես ավելի ուշ մտածեցի, թե ինչ է զգում Աստված, երբ դիմում եմ Նրան: Արդյո՞ք Նա էլ այդքան երջանիկ է, երբ ես խոսում եմ Իր հետ: Աղոթքի միջոցով մենք հաղորդակցվում ենք Աստծո հետ։ Աստվածաշունչը մեզ կոչ է անում «անդադար» աղոթել (Ա Թես. 5.17): Նրա հետ խոսելը մեզ հիշեցնում է, որ Նա մեզ հետ է թե՛ լավ, թե՛ վատ պարագաներում: Աստծո հետ նորություններով կիսվելը, նույնիսկ եթե Նա արդեն գիտի մեր մասին ամեն ինչ, օգտակար է, քանի որ մեր ուշադրությունը կենտրոնանում է Աստծո վրա: Եսայի 26.3-ում ասվում է. «Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել»։ Մենք խաղաղությամբ ենք լցվում, երբ մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք Աստծո վրա:
Ինչ իրավիճակում էլ լինենք, եկե՛ք անընդհատ խոսենք Աստծո հետ և կառչած մնանք մեր Արարչին ու Փրկչին: Աղոթե՛նք շշուկով և չմոռանանք ուրախության մեջ էլ «շնորհակալություն հայտնել» Տիրոջը: Եվ Ինչպես Պողոսն առաքյալն է գրում Թեսաղոնիկեի հավատացյալներին. «Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով» (Ա Թես. 5.18):
Աղոթք – Ողորմա՛ծ Աստված, հիշեցրու՛ ինձ, որ յուրաքանչյուր օրվա մեջ կառչած մնամ Քեզ: Գոհունակ սիրտ տու՛ր՝ շնորհակալ լինելու այն ամենի համար, ինչ անում ես ինձ համար։ Ամեն։
Կիսվե՛նք Աստծո հետ մեր լավ ու վատ նորություններով:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 37-38, Կողոսացիներին 3