Ամովս 7.10-17 Կիրակի | Հոկտեմբերի 6
Բայց Տերն ինձ վերցրեց հոտերի հետևից և Տերն ինձ ասաց. «Գնա՛, մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդին»։ Ամովս 7.15
ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԵԶ
Միչիգանում տնկված է մոտ տասնչորս միլիարդ ծառ, որոնցից շատերը ստանդարտներով սովորական ծառեր են: Այնուամենայնիվ, նահանգում անցկացվում է ամենամյա «Մեծ ծառերի որս» մրցույթը՝ որոշելու ամենահին և ամենամեծ ծառերը, որոնք կարող են կենդանի տեսարժան վայրեր համարվել: Մրցույթը սովորական ծառերին կարծես տեղափոխում է հաջորդ մակարդակ. ցանկացած անտառում կարող է լինել հաղթող, որը սպասում է իրեն նկատողին:
Ի տարբերություն մարդկանց մեծամասնության, Աստված միշտ նկատում է սովորականը: Նրան հետաքրքրում է այն, ինչ անտեսված է, և նա, ում ուշադրություն չեն դարձնում մյուսները: Աստված Հերոբովամ թագավորի օրոք Իսրայել ուղարկեց Ամովս անունով մի հասարակ մարդու։ Ամովսը հորդորեց իր ժողովրդին դառնալ չար ճանաարհներից և փնտրել արդարություն, սակայն նրան վտարեցին և ասացին. ««Ո՛վ տեսանող, գնա՛, փախի՛ր Հուդայի երկիրը և այնտե՛ղ հաց կեր ու այնտե՛ղ մարգարեացիր։ Եվ Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալը» (Ամովս 7.12): Ամովսը պատասխանեց. «Ես մարգարե չեմ և ոչ էլ մարգարեի որդի, այլ հովիվ եմ ես և մոլաթուզ քաղող։ Բայց Տերն ինձ վերցրեց հոտերի հետևից և Տերն ինձ ասաց. «Գնա, մարգարեացիր Իսրայելի իմ ժողովրդին» (հ. 14-15):
Աստված գիտեր և նկատեց Ամովսին, երբ նա սովորական հովիվ էր, ով արածեցնում էր հոտերն ու խնամում ծառերը: Հարյուրավոր տարիներ անց Հիսուսը նկատեց և կանչեց սովորական Նաթանայելին (Հովհաննես 1.48) և Զաքեոսին ժանտաթզենու վրա (Ղուկաս 19.4-5): Անկախ նրանից, թե որքան սովորական ու հասարակ ենք մենք մեզ զգում, Աստված տեսնում ու սիրում է մեզ՝ գործածելով Իր նպատակների համար:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ, նույնիսկ երբ ես ինձ անտեսված եմ զգում: Ամեն։
Երբեմն դժվար է հավատալ, որ Աստված տեսնում է մեզ անհատապես և Իր սերը հայտնում անարժաններիս հանդեպ։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 26-27, Փիլիպպեցիներին 2