.
2024թ., Հոկտեմբերի 5

 

Սաղմոս 107.1-9                                             Շաբաթ  |   Հոկտեմբերի 5

 

Տիրոջ փրկածները թող ասեն, որ իրենց փրկեց թշնամու ձեռքից։ Սաղմոս 107.2

 

ԱՍՏՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ես բացեցի հիշողության արկղը և հանեցի արծաթյա մի փոքրիկ կախազարդ՝ ճիշտ 10 շաբաթական չծնված երեխայի ոտքի չափով և ձևով: Երբ ես շոյում էի տասը փոքրիկ մատները, հիշեցի իմ առաջին հղիության կորուստը և նրանց, ովքեր ինձ ասում էին, որ ես «բախտավոր եմ», որ «լավ է՝ պտուղն այդքան էլ մեծ չէր»: Ես չափազանց տխուր էի՝ պատկերացնելով, որ երեխայիս ոտքերը նույնքան իրական էին, որքան սիրտը, որը մի ժամանակ բաբախում էր իմ արգանդում: Ես շնորհակալություն հայտնեցի Աստծուն, որ ազատեց ինձ այդ ծանր ապրումներից և օգտագործեց իմ պատմությունը՝ մխիթարելու ուրիշներին, ովքեր վշտացած էին երեխայի կորստից հետո: Իմ վիժումից ավելի քան երկու տասնամյակ անց ես և ամուսինս մեր կորցրած երեխային անվանեցինք Կայ, որը որոշ լեզուներով նշանակում է «ուրախանալ»: Չնայած տարիներ անց դեռ սիրտս ցավում կորստից, սակայն ես շնորհակալ եմ Աստծուն իմ սիրտը բուժելու և ուրիշներին օգնելու նպատակով պատմությունս օգտագործելու համար:

107-րդ Սաղմոսի հեղինակն ուրախությամբ երգում է. «Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը» (հ. 1): Նա կոչ է անում «Տիրոջ փրկվածներին» պատմել իրենց պատմությունը (հ. 2), շնորհակալություն հայտնել Տիրոջը մնայուն սիրո և մարդկության համար Նրա հրաշալի գործերի համար (հ. 8), որովհետև Տերը «կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ» (հ. 9):

Ոչ ոք չի կարող խուսափել վշտից ու սգից, նույնիսկ նրանք, ովքեր փրկագնվել են Քրիստոսի՝ խաչի վրա զոհաբերության միջոցով: Այնուամենայնիվ, մենք կարող ենք զգալ Աստծո ողորմությունը, երբ Նա օգտագործում է մեր պատմությունները՝ ցույց տալու ուրիշներին Իր քավիչ սերը:

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ բժշկում ես՝ գործելով մեր կյանքում և օգտագործում մեր կյանքի պատմությունները՝ մխիթարելու ուրիշներին: Ամեն։



Աստված բժշկում է մեր սրտի վերքերը՝ մատնանշելով ինչ-որ մեկի պատմությունը մեզ մխիթարելու համար:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 23-25, Փիլիպպեցիներին 1