.
2024թ., Հոկտեմբերի 4

 

Ա Պետրոս 2.21-25                                                                           Ուրբաթ   |   Հոկտեմբերի 4

 

Նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին։ Ա Պետր. 2.23

 

ՔՐԻՍՏՈՍԱՆՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ

 

Ջորջն ամառվա շոգ արևի տակ աշխատում էր Կարոլինայի շինհրապարակներից մեկում, երբ հարևանությամբ ապրող մեկը հանկարծակի մտավ բակ: Ակնհայտորեն զայրացած հարևանը սկսեց հայհոյել և քննադատել այն ամենը, ինչ վերաբերում էր նախագծին և դրա իրականացմանը: Ջորջն առանց վրեժխնդրության ընդունեց բանավոր հարվածները, մինչև որ զայրացած հարևանը դադարեց բղավել։ Այնուհետև նա մեղմ պատասխանեց. «Դուք իսկապես ծանր օր եք անցկացրել, այնպես չէ՞»: Հանկարծ զայրացած հարևանի դեմքը փոխվեց, նա ամոթից գլուխը կախեց և ներողություն խնդրեց իր պահվածքի համար։ Ջորջի բարությունը հանդարտեցրեց հարևանի զայրույթը։

Լինում են պահեր, երբ ուզում ենք հակահարված տալ, վիրավորանքը փոխհատուցել պատասխան վիրավորանքով: Սակայն Ջորջը բարություն ցուցաբերեց, որն առավել կատարյալ կերպով դրսևորվեց Քրիստոսի օրինակով, ով կրեց մեր մեղքերի հետևանքները. «Նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին» (Ա Պետր. 2.23):

Մենք բոլորս բախվում ենք այսպիսի իրավիճակների, երբ մեզ սխալ են հասկանում, սխալ մեկնաբանում կամ անտեղի հարձակվում մեզ վրա: Գուցե նման դեպքերում ցանկություն ունենք նույն կերպ արձագանքել, բայց Հիսուս Քրիստոսը մեզ կոչ է անում լինել բարի, փնտրել խաղաղություն և լինել հասկացող: Այսօր, գուցե Աստված օգտագործի մեզ՝ օրհնելու մեկին, ով դժվար կացության մեջ է և ծանր օր է ունեցել:

Աղոթք - Հոգատար Հայր, կերտի՛ր իմ մեջ մաքուր սիրտ՝ դրսևորելու սեր, բարություն շնորհ և իմաստություն: Ամեն։



Մարդը հակում ունի հակահարված տալ իր հանդեպ ցուցաբերած անբարյացակամ վերաբերմունքին ի պատասխան, սակայն որպես Աստծո զավակներ՝ բարություն և սեր դրսևորենք մարդկանց հանդեպ։




Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 20-22, Եփեսացիներին 6