Թվեր 13.27-14.9 Հինգշաբթի | Հոկտեմբերի 3
…Տերը մեզ հետ է։ Թվեր 14.9
ԱՅՈ ԱՍԵԼ ՀԱՎԱՏՔՈՎ
Երբ ինձ հարցրին՝ կընդունե՞մ նոր պատասխանատվություն աշխատանքում, սկզբում ուզում էի ասել՝ ոչ։ Ես վախենում էի դժվարություններից և զգում էի, որ անկարող եմ հաղթահարել դրանք։ Բայց երբ աղոթեցի և սկսեցի Տիրոջ առաջնորդությունը փնտրել Աստվածաշնչում, հասկացա, որ Աստված կանչում է ինձ՝ ասելու այո: Սուրբ Գիրքը նաև վստահություն տվեց ինձ, որ Տերը կօգնի և կզորացնի: Այսպիսով, ես ընդունեցի առաջարկը, բայց դեռ վախեր ունեի:
Ես ինձ նմանեցնում էի իսրայելացիներին և այն տասը լրտեսներին, ովքեր ուղարկվեցին՝ հետախուզելու Քանանի երկիրը և վերջում շատերը նահանջեցին (Թվեր 13.27-29, 31-33; 14.1-4): Նրանք նույնպես տեսան դժվարությունները, զարմանալով, թե ինչպես կարող են հաղթել այդ երկրի հզոր մարդկանց և նվաճել նրանց ամրացված քաղաքները: «Մենք մորեխի պես էինք»,- ասացին լրտեսները (հ. 13.34), իսկ իսրայելացիները տրտնջացին. «Ինչո՞ւ Տերը մեզ բերեց այս երկիրը»(14.3)։
Միայն Քալեբն ու Հեսուն հիշում էին, որ Աստված արդեն խոստացել էր, որ Քանանը կտա Իր ժողովրդին (Ծննդոց 17.8, Թվեր 13.3): Նրանք վստահություն քաղեցին Նրա խոստումից՝ տեսնելով գալիք դժվարություններն Աստծո ներկայության և օգնության լույսի ներքո: Նրանք հավատացին, որ մարտահրավերները կհաղթահարեն Նրա զորությամբ, պաշտպանությամբ և ռեսուրսներով, այլ ոչ թե իրենցով (Թվեր 14.6-9):
Այն առաջադրանքը, որ Աստված տվեց ինձ, հեշտ չէր, բայց Նա օգնեց ինձ հաղթահարել այն: Թեև մենք միշտ չէ, որ զերծ կմնանք դժվարություններից Նրա առաջադրանքները կատարելիս, մենք կարող ենք, ինչպես Քալեբն ու Հեսուն, դիմակայել դրանց՝ համոզված լինելով, որ. «Տերը մեզ հետ է» (հ. 9):
Աղոթք – Սիրելի Աստված, խնդրում եմ, օգնի՛ր ինձ հետևել Քեզ իմ ամբողջ սրտով: Ամեն։
Երբ կզգանք, որ անկարող ենք կատարել այն առաջադրանքը, որ Տերը կամենում է, հետևենք Աստծուն անմնացորդ վստահելու Քաղեբի և Հեսուի օրինակին։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 17-19, Եփեսացիներին 5.17-33