Եփեսացիներին 6.10-18 Երեքշաբթի | Հոկտեմբերի 1
Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Եփես․ 6.11
ԱՍՏԾՈ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ես և կինս ամեն տարի հեծանիվներով հարյուրավոր մղոններ ենք անցնում Արևմտյան Միչիգանի արահետներով: Ընթացքն ավելի տպավորիչ դարձնելու համար մենք գործածում ենք որոշ պարագաներ, որոնք կցում ենք հեծանիվներին: Սյուն ունի առջևի լույս, հետևի լույս, մղոնաչափ և հեծանիվների կողպեք: Իմ հեծանիվն ունի ջրի շշի հենակ: Իրականում, մենք կարող էինք հաջողությամբ վարել մեր երթուղին ամեն օր և հաղթահարել այդ բոլոր մղոնները՝ առանց որևէ լրացուցիչ պարագաների, դրանք օգտակար են, բայց ոչ պարտադիր:
Եփեսացիների գրքում Պողոս Առաքյալը խոսում է մեզ անհրաժեշտ այլ պարագաների մասին, բայց դրանք ընտրովի չեն: Նրա խոսքով՝ մենք պետք է «հագնենք» այս բաները, որպեսզի հաջողությամբ ապրենք մեր հավատքի կյանքը, որը հեշտ ճանապարհ չէ: Մենք պատերազմում ենք չարի դեմ, ուստի պետք է պատշաճ սպառազինություն ունենանք, որպեսզի կարողանանք «սատանայի հնարներին դիմադրել» (6.11):
Առանց Սուրբ Գրքի իմաստության, մենք կարող ենք գայթակղվել և սխալվել: Սակայն Քրիստոսի առաջնորդությամբ, մեր «մեջքը ճշմարտությամբ գոտևորած»՝ մենք կպաշտպանվենք ստից (հ. 14), պատրաստակամությամբ կքարոզենք «Խաղաղության Ավետարանը» (հ. 15) և պաշտպանվելով հավատքի վահանով կկարողանանք «չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել» (հ. 16): Իսկ «փրկության սաղավարտը և Հոգու սուրը» կրելով, որ Աստծու խոսքն է՝ կատարյալ պաշտպանված կլինենք (հ. 17):
Որքան կարևոր է քայլել կյանքի ճանապարհներով՝ պաշտպանված իրական վտանգներից։ Մենք պատրաստ կլինենք փորձություններին դեմ կանգնել, երբ «հագնենք» Աստծո տված սպառազինությունը:
Աղոթք – Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ, որ Քո խոաքով հիշեցնում ես թե ինչպես կարող ենք դիմակայել սատանայի հարձակումներին։ Ամեն։
Աստծո սպառազինությամբ կարող ենք դիմագրավել մեր կյանքում հանդիպող փորձություններին։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 11-13, Եփեսացիներին 4