Զաքարիա 4․ 6-10 Երկուշաբթի | Սեպտեմբերի 30
Որովհետև ո՞վ է փոքր բաների օրն անարգում․․․ Զաք․ 4․ 10
ՓՈՔՐ ՀՐԱՇՔՆԵՐ
Մեր ամուսնության արարողության ժամանակ մեր ամաչկոտ ընկերը՝ Դեյվը (Dave), կանգնած էր անկյունում և իր ձեռքում սեղմած պահում էր կտորի մեջ փաթաթված երկարավուն մի առարկա։ Երբ նվերները փոխանցելու պահը եկավ, նա մոտեցավ մեզ և մեկնեց այդ առարկան։ Ես ու Էվանը (Evan) բացեցինք կտորը և տեսանք ձեռագործ փայտե վահանակ՝ գեղեցիկ օղակներով և կենտրոնում գրված՝ «Աստծու հրաշքները երբեմն փոքր են»։ Այդ վահանակը կախված է մեր տան պատից արդեն քառասունհինգ տարի, այն մեզ միշտ հիշեցնում է, որ Աստված գործում է նաև մանրուքների մեջ։ Օրինակ՝ օգնում է վճարել հաշիվները, ուղարկում է սնունդ, օգնում է հաղթահարել մրսածությունը։ Այս ամենը նրա հոգատարության դրսևորումներն են։
Հուդայի կառավարիչ Զորոբաբելը, ում վրա էր դրված Երուսաղեմի և տաճարի վերականգնման բեռը, Զաքարիա մարգարեի միջոցով Աստծուց ստացավ նմանատիպ մի պատգամ։ Վերադառնալով բաբելոնյան գերությունից` իսրայելացիները տրտմության մեջ էին, քանի որ իրենց գործերն այդքան էլ լավ չէին ընթանում։ Աստված՝ տեսնելով իսրայելացիների հուսահատությունը, Զաքարիայի միջոցով Զորոբաբելին և ժողովրդին հուսադրող խոսքեր ուղարկեց. «Որովհետև ո՞վ է փոքր բաների օրն անարգում» (հ․ 10)։ Տերը կատարում է Իր կամքը մեր միջոցով, և երբեմն՝ մեզ հակառակ։ «Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ իմ հոգով,- ասում է Զորաց Տերը» (հ․ 6)։
Մենք երբեմն հուսահատվում ենք, քանի որ չենք տեսնում Աստծո մեծ գործերը մեր շուրջը և մեր մեջ, բայց պետք է հիշել, որ Նրա հրաշքներից որոշները «փոքր» են, քանի որ Աստտված հաճախ օգտագործում է աննշան բաներ մեծ գործերի համար։
Աղոթք – Տե՛ր Աստված, շնորհակալ եմ կյանքիս փոքրիկ հրաշքների համար։ Օգնի՛ր ինձ տեսնել Քո բոլոր գործերն իմ կյանքում։Ամեն։
Փնտրե՛նք ու գտնե՛ք Աստծո կատարած փոքր հրաշքները մեր կյանքում։
Դրանց միջոցով Նա հոգ է տանում մեր ու շրջապատի մարդկանց համար։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 9-10, Եփեսացիներին 3