Գաղատացիներին 1․1-5 Շաբաթ | Սեպտեմբերի 28
(Հիսուսն) ինքն իրեն մեր մեղքերի համար տվեց, որպեսզի Աստծու և մեր Հոր կամքի համաձայն մեզ այս չար աշխարհից ազատի։ Գաղ. 1․4
ՈՐՈՆՈՒՄ ԵՎ ՓՐԿՈԻԹՅՈՒՆ
Չնայած օդերևութաբանները նախազգուշացրել էին սպասվող փոթորկի մասին, այնուամենայնիվ, մի խումբ ընկերներ որոշեցին նավով ճամփորդել Լա-Մանշի ջրերով՝ հույս ունենալով, որ եղանակը կփոխվի, սակայն նրանց սպասումներն ապարդյուն էին։ Որոշ ժամանակ անց քամին ուժեղացավ, ինչի հետևանքով նավը շրջվելու և սուզվելու վտանգի մեջ հայտնվեց։ Հասկանալով սպառնացող վտանգի չափը՝ նրանք ռադիոյով օգնության կանչեցին Թագավորական ազգային ջրափրկարարական ծառայությանը: Շուտով փրկարարները ժամանեցին, նրանք հանգստացան և սկսեցին հանդարտ շունչ քաշել: Ընկերներից մեկն ավելի ուշ երախտագիտությամբ ասաց. «Կարևոր չէ՝ դու պահում ես ծովի կանոնները, թե ոչ, փրկարարները, միևնույնն է, միշտ օգնության են գալիս»։
Լսելով այս խոսքերը՝ ես մտածեցի, որ Աստված նույնպես ունի փնտրելու և փրկելու առաքելություն, որի իրականացնողը Հիսուս Քրիստոսն է։ Նա եկավ աշխարհ, մարդացավ և ապրեց մեր մեջ։ Մեղքն ու անհնազանդությունը բաժանել էին մեզ Աստծուց, սակայն Նա Իր մահվամբ և հարությամբ մեզ փրկություն պարգևեց։ Այս ճշմարտությունը Պողոս առաքյալը հաստատում է Գաղատացիներին ուղղված նամակում. «(Հիսուսն) ինքն իրեն մեր մեղքերի համար տվեց, որպեսզի Աստծու և մեր Հոր կամքի համաձայն մեզ այս չար աշխարհից ազատի» (հ․ 3-4): Պողոսը հիշեցնում է գաղատացիներին այն հավիտենական կյանքի մասին, որ նրանք ստացել են Քրիստոսի մահվան շնորհիվ, որպեսզի ամեն օր փառաբանեն Աստծուն։
Տեր Հիսուսը՝ մեր Փրկիչը, մահացավ, որպեսզի մեզ փրկի հավիտենական կործանումից։ Նրա շնորհիվ մենք կյանք գտանք Աստծո Թագավորության մեջ, ուստի կարող ենք երախտապարտ հոգով կիսվել փրկության ավետիսով բոլորի հետ, ում ճանաչում ենք։
Աղոթք – Տ՛եր Հիսուս, Դու շնորհեցի՛ր ինձ փրկություն և կյանք։ Խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ ընդունել Քո՛ սերը և հնարավորություն տո՛ւր բաժնեկցել այն ուրիշների հետ։ Ամեն։
Ինչպե՞ս եք արտահայտում ձեր երախտագիտությունն Աստծուն այն փրկության համար, որ Նա շնորհեց ձեզ։ Ու՞մ հետ կարող եք կիսվել այդ բարի լուրով:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 5-6, Եփեսացիներին 1