.
2024թ., Սեպտեմբերի 26

 

Հովհաննես 15․ 13-17                                                             Հինգշաբթի   |   Սեպտեմբերի 26

 

․․․սիրեք միմյանց։ Հովհ․ 15․ 17

 

ԻՆՉՊԻՍԻ՜ ԲԱՐԵԿԱՄ

 

Մորս ու մեր հարևանուհու՝ տիկին Սանչեսի միջև գրեթե միշտ բարեկամական մրցակցություն կար։ Ամեն երկուշաբթի նրանք մրցում էին, թե ով առաջինը լվացած հագուստը կկախի չորանոցից։ «Նա էլի ինձնից առաջ անցավ», - դժգոհում էր մայրս։ Բայց հաջորդ շաբաթ կարող էր առաջինը լինել հենց ինքը։ Երկուսն էլ մեծ հաճույք էին ստանում նման խաղերից։ Տասը տարվա հարևանության ընթացքում նրանք իրար փոխանցեցին բազմաթիվ խորհուրդներ և փորձառություններ։

Աստվածաշունչն անչափ ջերմորեն է խոսում բարեկամության արժանիքների մասին։ «Բարեկամն ամեն ժամանակ սիրում է»,- գրում է Սողոմոնը (Առ. 17.17)։ «Անուշահոտ յուղն ու խունկն ուրախացնում են մարդու սիրտը, նաև հարևանի քաղցրությունը՝ մտերիմ խորհրդով» (Առ. 27.9)։

Մեր լավագույն ընկերը՝ Տեր Հիսուսը, աշակերտներին կոչ անելով սիրել միմյանց, ասաց. «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհ. 15.13): Դա հենց այն է, ինչ Նա արեց հաջորդ օրը, երբ գնաց դեպի խաչը: Նա նաև ասաց. «Ձեզ բարեկամներ եմ կոչում, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, ձեզ հայտնեցի» (հ. 15): Եվ եզրափակեց. «Այս եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց» (հ. 17):

Փիլիսոփա Նիկոլաս Վոլտերստորֆը նշել է, որ այս խոսքերով Հիսուսը «բարձրացնում է Իր ունկնդիրներին»՝ դնելով նրանց Իր բարեկամների ու վստահելի մարդկանց պատվավոր կարգավիճակում։ Հիսուսին նայելով՝ մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում իսկական բարեկամությունը և հասկանում, թե ի դեմս Նրա՝ ի՜նչ Բարեկամ ունենք։

Աղոթք – Տե՛ր Հիսո՛ւս, Դո՛ւ ինձ Քո՛ բարեկամը կոչեցիր։ Օգնի՛ր ինձ լինել իսկական բարեկամ իմ մերձավորների համար։ Ամեն։

 

Ինչպե՞ս է դրսևորվում Քրիստոսի սերը մեր հանդեպ: Ինչպե՞ս կարող ենք դառնալ Նրա նման բարեկամ:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 1-2, Գաղատացիներին 5