.
«ՎԱՍՆ ՀԱՎԱՏԻ ՈՒ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ»

Հայ ժողովրդի հարուստ պատմության մեջ միայն Վարդանանցն է, որ հայկական օրացույցի վրա է այսօր, որպես յուրահատուկ օրինակ ինքնազոհության եւ պատերազմելու միջոցով հավատքն ու նվիրումը պահելու: Հայ ժողովուրդը 451թ.-ին ուներ մեկուկես դարյա քրիստոնեական հավատքի կյանք եւ մշակույթ: Այդ ընթացքում, մի քանի սերունդների քրիստոնեական խորը հավատքի դաստիարակությունն այնքան արմատացած ու հիմնավորված էր, որ նրանք միաբան, հաստատ հավատքով եւ նվիրումով հայտարարեցին «Վասն Քրիստոսի եւ վասն Հայրենյաց» պատերազմի գնալու մասին:

Պողոս Առաքյալի՝ Հռոմեացիների թղթի մեջ արձանագրված հավատքի խորը համոզումը եւ լիակատար նվիրումը, կարծես, մեր ժողովրդի հոգու արտացոլանքն է. «Ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց, տառապա՞նքը, թե՞ զրկանքը, թե՞ նեղությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգը, թե՞ սուրը» (Հռոմ. 8.35) :

Թող օրացույցի մեջ նշված Վարդանանցը խանդավառի մեզ հավատքի մեջ՝ լրջությամբ կարդալու եւ սերտելու մեր ժողովրդի պատմությունը, ուսումնասիրելու Վարդանի եւ մեր ժողովրդի ունեցած հավատքը Քրիստոսի հանդեպ:

Եթե մենք հայ ժողովրդի արժանի զավակներ ենք, ուրեմն, հարկ է տիրապետել նույն հավատքին ու նվիրումին, որն ունեին մեր նախնիները:

Գոհություն Աստծուն, որ մեզ շնրոհել է լինել Վարդանանց, պատմություն, հավատք, հայրենիք ունեցող ազգ: