Եսայի 42.1-7 Չորեքշաբթի | Սեպտեմբերի 18
Նա կոտրած եղեգը չի փշրի, առկայծող պատրույգը չի հանգցնի, նա ճշմարտությամբ իրավունքը կբերի։ Եսայի 42.3
ԱՍՏԾՈ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՍԵՐԸ
Երբ ես խաղում եմ Նորվեգիայի մեր գեղեցիկ, փափկամազ անտառային կատվի՝ Միսթիքի հետ, կամ երբ նա երեկոյան քնում է իմ գրկում, երբեմն դժվար է հավատալ, որ սա այն նույն կատուն է, որին մենք հանդիպեցինք տարիներ առաջ: Նախկինում Միսթիքն ապրում էր փողոցում՝ չափազանց նիհար ու բոլորից վախեցած։ Բայց աստիճանաբար իրավիճակը փոխվեց, երբ սկսեցի նրան ամեն օր սնունդ հասցնել։ Մի օր նա վերջապես թույլ տվեց ինձ շոյել իրեն, իսկ մնացածը պատմություն է:
Միսթիքի փոխակերպումը հիշեցում է այն փոփոխության մասին, որ կարող է գալ համբերության և սիրո միջոցով: Սա ինձ հիշեցնում է Աստծո սիրտը, ինչպես նկարագրված է Եսայի 42-ում: Այնտեղ մեզ ասվում է գալիք ծառայի մասին, ով լցված է Աստծո Հոգով (հ. 1), ով անխոնջ և «հավատարմորեն» կաշխատի Աստծո «արդարությունը երկրի վրա» իրականացնելու համար (հ. 3-4):
Բայց այս ծառան՝ Հիսուսը (Մատթեոս 12.18-20), չի վերականգն Աստծո արդարությունը բռնության կամ ուժի ձգտման միջոցով: Փոխարենը, Նա կլինի լուռ և հեզ (Եսայի 42.2), քնքշորեն և համբերատար հոգատարություն դրսևորելով նրանց հանդեպ, ովքեր մերժվում են ուրիշների կողմից, նրանց, ովքեր ջախջախված ու վիրավորված են:
Աստված երբեք չի հրաժարվում Իր զավակներից: Նա հոգում է մեր վիրավոր սրտերի համար, մինչև կապաքինվեն: Նրա քնքուշ, համբերատար սիրո միջոցով մենք աստիճանաբար սովորում ենք նորից սիրել և վստահել։
Աղոթք – Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ Քեզ, որ երբեք չհանձնվեցիր և համբերությամբ սիրեցիր ու խնամեցիր իմ վիրավոր սիրտը: Օգնի՛ր ինձ սիրել ուրիշներին նույն համբերատար սիրով։ Ամեն։
Համբերատար սերը փոխակերպում է:
Ինչպե՞ս կարող ենք աճել՝ զգալով և կիսելով Աստծո սերը:
Աստվածաշունչը մեկ տարում | Առակներ 30-31, Բ Կորնթացիներին 11.1-15