.
2024թ., Սեպտեմբերի 13

 

Մատթեոս 6.9-13                                                                           Ուրբաթ   |   Սեպտեմբերի 13

Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մատթեոս 6.10

 

ԱՍՏԾՈ ԳԱՂԱՓԱՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐ

 

Վիկտորյանական գործարանները պատմության մեջ մնացել են որպես մռայլ վայրեր՝ մահացության բարձր ցուցանիշով։ Գործարանի աշխատողների մեծամասնությունը ապրում էր աղքատության մեջ։ «Ինչպե՞ս կարող է աշխատող մարդը մտածել բարձր գաղափարների մասին, եթե նրա տունն աղքատության մեջ է»,- մտածում էր Ջորջ Քեդբերին։ Այդ իսկ պատճառով նա որոշեց իր օրեցօր աճող շոկոլադի բիզնեսի համար կառուցել նոր տեսակի գործարան՝ կենտրոնանալով աշխատանքային պայմանների  հարմարավետության վրա։

Այդ գաղափարից ծնվեց Բուռնվիլը՝ ավելի քան երեք հարյուր տուն ունեցող բնակավայր՝ սպորտային և խաղային հրապարակներով, դպրոցներով և եկեղեցիներով, որը կառուցվեց Քեդբերիի գործարանի աշխատողների և նրանց ընտանիքների համար։ Աշխատակիցները լավ վարձատրվում էին, նույնիսկ ունեին բժշկական ապահովագրություն։ Եվ այդ ամենը շնորհիվ Քեդբերիի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի:

Տեր Հիսուսը սովորեցրեց աղոթել, որ Աստծո կամքը կատարվի «երկրի վրա, ինչպես որ երկնքում է» (Մատթ. 6.10): Այս աղոթքն օգնում է մեզ պատկերացնել, թե ինչպես կարող են լինել աշխատանքային վայրերն Աստծո իշխանությամբ, երբ «մեր հանապազօրյա հացը» վաստակվում է ազնիվ աշխատանքով, և «մեր պարտապանները» ստանում են ներում (հ.11-12)։ Աշխատողների համար սա նշանակում է աշխատել «ամբողջ սրտով, ինչպես Տիրոջ համար» (Կող. 3.23): Իսկ գործատուների համար՝ իրենց ենթակաների նկատմամբ «պատշաճ և արդար» վերաբերմունք ցուցաբերել (Կող. 4.1)։ Ինչպիսին էլ որ լինի մեր աշխատանքը՝ վճարովի, թե կամավոր, պետք է հոգ տանել նրանց բարեկեցության մասին, ում հետ մենք աշխատում ենք:

Եկե՛ք Ջորջ Քեդբերիի օրինակին հետևելով՝ պատկերացնենք, թե ինչպես կարող էր լինել, եթե մեր բնակավայրերն ու աշխատանքային վայրերը կառավարվեին Աստծո կողմից։  Եթե ամեն ինչ այդպես լինի, ապա բոլորն իրենց լավ կզգան։

Աղոթք – Սիրո՛ղ Աստված, օգնի՛ր ինձ տեսնել, թե ինչպիսին կարող էր լինել աշխարհը Քո իշխանության ներքո։ Տու՛ր ինձ ուժ՝ բարի փոփոխություններ կատարելու այնտեղ, որտեղ դա հնարավոր է։ Ամեն։

 

Ինչպիսի՞ն կլիներ ձեր աշխատանքային վայրը կամ բնակավայրն Աստծո իշխանության ներքո: Աղոթե՛ք այդ տեսիլքի իրականացման համար:



 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Առակներ 16-18, Բ Կորնթացիներին 6