Ելք 20.8-11 Հինգշաբթի | Սեպտեմբերի 12
Հիշի՛ր հանգստի օրը․․․։ Ելք 20.8
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Դուք երբևէ հայտնվե՞լ եք այնպիսի իրավիճակում, երբ ինչ-որ բան պատմելու ընթացքում կենտրոնացել եք մի մանրուքի վրա, օրինակ՝ անուն կամ ամսաթիվ, որը չեք կարողացել մտաբերել։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ խնդիրը ոչ թե հիշողության մեջ է, այլ մեր հիշողությունից տեղեկատվություն հանելու ունակության մեջ։ Եթե չկրկնենք հիշողությունները, դրանք կդառնան ավելի դժվար հասանելի:
Մեր հիշողությունը բարելավելու եղանակներից մեկը հիշողությունների հետ կապված գործողությունները կամ փորձառությունները պարբերաբար կրկնելն է: Մեր Արարիչը գիտեր այս մասին, ուստի պատվիրեց իսրայելացիներին յուրաքանչյուր շաբաթ մեկ օր առանձնացնել հանգստանալու և երկրպագելու համար։ Այս ընդմիջումը նպաստում է ոչ միայն ֆիզիկական ուժերի վերականգնմանը, այլև մտավոր մարզմանը՝ հիշեցնելով մեզ, որ «Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրա մեջ բոլոր եղածները, իսկ յոթերորդ օրը հանգստացավ» (Ելք 20.11): Այս կերպ մենք մեզ հիշեցնում ենք, որ Աստված է տիեզերքի կենտրոնում, ոչ թե մենք:
Կյանքի խառնաշփոթի մեջ մենք երբեմն մոռանում ենք այն, ինչ արել է Աստված մեզ համար: Մենք կորցնում ենք մեր տեսադաշտից Նրան, Ով ուշադիր հետևում է մեր կյանքին և խոստացել է լինել մեզ հետ, երբ դժվարության կամ միայնության մեջ կհայտնվենք: Հանգստյան օրը մեզ հնարավորություն է տալիս՝ վերականգնելու հիշողությունը՝ կենտրոնանալով Աստծո վրա և չմոռանալով Նրա բոլոր բարի գործերը (Սաղմ 103.2):
Աղոթք – Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ, որ հիշում ես ինձ: Տուր ինձ իմաստություն՝ ճիշտ ժամանակին կանգ առնելու և Քեզ հիշելու համար: Ամեն։
Ինչը՞ կարող է պատճառ հանդիսանալ, որ մենք բաց թողնենք հանգստի օրը: Ինչպե՞ս կարող է հանգիստը ձեզ ավելի մոտեցնել Աստծուն:
Աստվածաշունչը մեկ տարում | Առակներ 13-15, Բ Կորնթացիներին 5