Հովհաննես 17.6-17 Երեքշաբթի | Օգոստոսի 27
Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։ Հովհ. 17.16
ՆՄԱՆՎԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ
Աստված մեծ մոխրագույն բուին ստեղծել է քողարկվելու մեծ վարպետությամբ: Նրա արծաթափայլ-մոխրագույն փետուրները գունային այնպիսի գամա են ստեղծում, որը թույլ է տալիս թռչունին միաձուլվել օրինակ, այն ծառի կեղևին, որի վրա նստած է: Երբ բուն ցանկանում է անտեսանելի դառնալ, պարզապես անշարժանում է՝ տարալուծվելով միջավայրի հետ: Եթե չգիտեք, որ ծառի վրա բու կա, ամենայն հավանականությամբ չեք էլ նկատի:
Աստծո զավակները հաճախ նմանվում են այս մեծ մոխրագույն բուերին: Կամա թե ակամա մենք երբեմն հեշտությամբ տարալուծվում ենք աշխարհի հետ, ու դառնում աննկատ, որպես քրիստոնյա: Հիսուսն աղոթում էր Իր աշակերտների համար՝ նրանց, ում Հայրը տվել էր Նրան «այս աշխարհից» և ովքեր «պահեցին Նրա խոսքը» (Հովհ. 17.6): Որդի Աստվածը խնդրեց Հայր Աստծուն, որպեսզի պաշտպանի նրանց և ուժ շնորհի, որ սրբությամբ և ուրախությամբ ապրեն Իր գնալուց հետո (հ. 7-13): «Ես չեմ խնդրում, որ նրանց աշխարհից վերցնես, այլ որ նրանց պահես չարից» (հ. 15),- աղոթում էր Հիսուսը: Նա գիտեր, որ Իր աշակերտները կկարողանան կատարել իրենց առաքելությունը, եթե սուրբ լինեն ու տարբերվեն աշխարհից (հ. 16-19):
Սուրբ Հոգու օգնությունն է պետք, որպեսզի կարողանանք հրաժարվել աշխարհին միաձուլվելու համար քողարկման վարպետությունից: Ամեն օր լցվելով Սուրբ Հոգու զորությամբ, մենք ավելի կնմանվենք մեր Տիրոջը՝ Հիսուսին: Եվ եթե ապրենք միասնության ու սիրո մեջ, Սուրբ Հոգին ուրիշներին կբերի դեպի Քրիստոսն Իր ողջ փառքով:
Աղոթք – Սուրբ Հոգի, խնդրում եմ, ինձ դարձրու ավելի նման Հիսուս Քրիստոսին, որպեսզի ուրիշներն էլ ցանկանան գտնել միակ ու ճշմարիտ Աստծուն: Ամեն։
Կյանքի ո՞ր ոլորտներում Հիսուսին նմանվելու կարիք ունես: Աստված ինչպե՞ս գործածեց մյուս քրիստոնյաներին, որպեսզի քեզ մոտեցնի Իրեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 120-122, Ա Կորնթացիներին 9