Ա Պետրոս 2.9-12 Շաբաթ | Օգոստոսի 24
...հիմա Աստծու ժողովուրդ եք...։ Ա Պետ. 2.10
ՆՈՐՈՎԻ ԱՊՐԵԼ
Դպրոցի լավագույն աշակերտները՝ գրանցած հաջողությունների համար պատվոգրեր ստացան: Դահլիճը ողջունեց նրանց ծափահարություններով: Բայց այսքանով միջոցառումը չավարտվեց: Հաջորդիվ պատվոգրեր ստացան ոչ թե գերազանցիկները, այլ նրանք, ովքեր լավագույնս բարելավել էին իրենց նախորդ տարվա ցուցանիշը՝ ուղղել էին ցածր գնահատականը, աշխատել էին բարելավել վարքն ու հաճախելիությունը: Այդ երեխաների ծնողներն ուղղակի փայլում էին ուրախությունից: Նրանք տեսնում էին ոչ թե իրենց երեխաների նախկին անհաջողությունները, այլ նոր ընթացքը:
Այս հուզիչ տեսարանը որոշակի պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է տեսնում մեզ Երկնավոր Հայրը: Նա տեսնում է ոչ թե մեր նախկին մեղավոր վիճակը, այլ այն, թե ինչպիս ենք Քրիստոսով դարձել Իր զավակները: « Նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու»,- գրել է Հովհաննես առաքյալը (Հովհ. 1.12):
Ի՜նչ հրաշալի հեռանկար է: Պողոսը հիշեցնում է նորահավատ քրիստոնյաներին, որ թեև առաջ «մեռած էին հանցանքների ու մեղքերի պատճառով» (Եփ. 2.1), բայց հիմա «Նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք» (հ. 10):
Նույն կերպ Պետրոս առաքյալը գրեց. «Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։Որովհետև դուք ժամանակին ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդ եք…»: Աստծո աչքերում մենք այլևս կապ չունենք մեր անցյալի հետ: Եկե՛ք մենք էլ մեզ նայենք Աստծո աչքերով ու նորովի ապրենք:
Աղոթք –Այս նոր օրը ներշնչիր ինձ, Հա՛յր Աստված, որ կարողանամ տեսնել ինձ քո աչքերով: Ամեն։
Ինչպե՞ս է Աստված տեսնում քեզ: Ինչպե՞ս պետք է Նրանով նորովի ապրես:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 116-118, Ա Կորնթացիներին 7.1-19