Սաղմոսներ 55.16-23 Հինգշաբթի | Օգոստոսի 22
Քո հոգսը գցի՛ր Տիրոջ վրա, և նա խնամք կտանի քեզ համար…։ Սաղմ. 55.22
Աստծո ափսեն
Տարիներ շարունակ մի մայր աղոթում էր իր հիվանդ դստեր համար, ով ինքնուրույն չէր կարողանում հոգալ իր բժշկական կարիքները՝ հանդիպել բժիշկներին, խորհրդատվություն կամ բուժում ստանալ, դեղորայք գնել: Աղջկա տրամադրության ու առողջական վիճակի հաճախակի անկումները տրտմեցնում էին մոր սիրտը: Այդ ապրումներից հոգնելով նա հասկանում էր, որ պետք է նաև իր մասին մտածի: Մի օր նրա ընկերուհին խորհուրդ տվեց գրի առնել բոլոր այն խնդիրները, որոնք չի կարող կառավարել, և գրառումներով թերթիկը դնել մահճակալի մոտ՝ Աստծո ափսեի մեջ: Այս պարզ գործողությունն, իհարկե, չլուծեց բոլոր խնդիրները, բայց ափսեի առկայությունը հիշեցնում էր կնոջը, որ իր խնդիրներն Աստծո ձեռքում են:
Դավիթ թագավորի շատ սաղմոսներ ինչ որ իմաստով նրա խնդիրները գրի առնելու և Աստծո ափսեի մեջ դնելու միջոց էին (Սաղմ. 55.1, 16-17): Հավանաբար Սաղմոս 55-ը գրվել է այն ժամանակ, երբ Դավթի որդի Աբիսողոմը հեղաշրջում էր ձեռնարկել հոր դեմ: Այդ դեպքում սաղմոսում նշվող «սրտակից»-ն ու «բարեկամ»-ը Աքիտոփելն է՝ Դավիթ թագավորի նախկին խորհրդականը, ով մասնակցել էր իր դեմ դավադրությանը (Բ Թագ. 15-16): Դավիթը հառաչում ու կանչում էր Աստծուն «երեկոյան, առավոտյա և կեսօրին», ու Աստված լսեց նրա աղոթքը (Սաղմ. 55.1-2,16-17): Դավիթը որոշեց իր հոգսերը թողնել Աստծո վրա, ու զգաց Նրա հոգատարությունը (հ. 22):
Կարիք չկա թաքցնելու, որ մենք բոլորս վախեր ու տարատեսակ ապրումներ ունենք: Հնարավոր է նույնիսկ, որ Դավիթի պես մտածում ենք «Երանի՜ թև ունենայի աղավնու պես, որպեսզի թռչեի և հանգիստ լինեի» (հ. 6): Բայց Աստված մեր կողքն է, ու միայն Նա զորություն ունի որևէ բան փոխելու: Ձեր հոգսերը Նրա ափսեի մեջ դրեք:
Աղոթք – Հայր, այսօր էլ շատ մտահոգություններ ունեմ, բայց դրանք բոլորը հանձնում եմ քեզ: Ամեն։
Որտե՞ղ են մտահոգություններդ, Աստծո ափսեի մե՞ջ, թե՞ տակավին քո սրտում: Սրտիդ մեջ եղածից ո՞րը կվստահես Աստծուն հենց հիմա:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 110-112, Ա Կորնթացիներին 5