Սաղմոսներ 32.1-7 Հինգշաբթի | Օգոստոսի 15
Ես մեղքս հայտնեցի քեզ և չծածկեցի անօրենությունս։ Սաղմ. 32.5
ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՎ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ
«Ես դա չեմ արել»: Դա սուտ էր, և ես քիչ էր մնացել, որ ազատվեի պատժից, մինչև որ Աստված կանգնեցրեց ինձ: Երբ ես սովորում էի ավագ դպրոցում, ես մի անկարգ խմբի անդամ էի, ովքեր ներկայացման ժամանակ թղթերով գաղտնի հարվածում էին դերասաններին: Մեր տնօրենը կարգապահության համբավ ունեցող նախկին ծովային էր, և ես վախենում էի նրանից։ Այսպիսով, երբ հանցակից ընկերներս նրա մոտ ինձ մեղադրեցին, ես թաքցրի ճշմարտությունը՝ հետո նաև հորս ստելով։
Բայց Աստված թույլ չտվեց, որ սուտը շարունակվի։ Նա ստիպեց ինձ զղջալ: Շաբաթների դիմադրությունից հետո ես տեղի տվեցի՝ ներողություն խնդրելով նախ Աստծուց, ապա նաև հորիցս: Որոշ ժամանակ անց գնացի տնօրենիս տուն և արցունքն աչքերիս խոստովանեցի հանցանքս. բարեբախտաբար նա բարի էր և ներողամիտ։
Ես երբեք չեմ մոռանա, թե որքան հաճելի զգացողություն էր, երբ ազատվեցի մեղքի այդ ծանր բեռից. շաբաթների ընթացքում առաջին անգամ սիրտս երջանկացավ։
Դավիթ սաղմոսերգուն նույնպես նկարագրում է իր կյանքի համոզմունքների և խոստովանությունների ժամանակները։ Նա ասում է Աստծուն. «Երբ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամեն օրվա հառաչելուց, որովհետև ցերեկ ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա… Ես մեղքս հայտնեցի քեզ և չծածկեցի անօրենությունս» (Սաղմոս 32.3-5):
Իսկականությունը կարևոր է Աստծո համար: Նա ցանկանում է, որ մենք խոստովանենք մեր մեղքերը, ինչպես նաև ներում խնդրենք նրանցից, ում հանդեպ սխալ ենք գործել: «Դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը», - հայտարարում է Դավիթը (հ. 5): Որքա՜ն հիանալի է զգալ Աստծո ներման ազատությունը։
Աղոթք – Շնորհակալ եմ, Հա՛յր, որ մեղքերիս թողություն ես տալիս, երբ ես խոստովանում եմ դրանք Քեզ: Խնդրում եմ, օգնի՛ր ինձ միշտ անկեղծ լինել Քեզ հետ: Ամեն։
Եթե Աստծո հետ անկեղծ լինենք և խոստովանենք մեր մեղքերը, ներում կստանանք, և կթեթևացնենք մեր բեռը՝ փոխելով մեր կյանքի ընթացքը:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 91-93, Հռոմեացիներին 15.1-3