.
2024թ., Օգոստոսի 11

 

Սաղմոսներ 119.159-168                                                                   Կիրակի   |   Օգոստոսի 11

 

Որքա՜ն քաղցր է քո խոսքն իմ քիմքին, մեղրից էլ ավելի՝ իմ բերանին։ Սաղմ. 119.103

 

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՍԻՐՈՂՆԵՐ

 

Գեղեցկուհի հարսնացուն, հպարտորեն բռնելով հոր ձեռքը, պատրաստվում էր քայլել դեպի խորանը։ Սակայն նրանց մուտքից առաջ հայտնվեց տասներեք ամսական եղբորորդին։ Մատանիները բերելու ընդունված կարգի փոխարեն՝ նրա ձեռքերում Աստվածաշունչն էր։ Այս կերպ հարսն ու փեսան, լինելով Հիսուսին նվիրված հավատացյալներ, ցանկանում էին վկայել Սուրբ Գրքի հանդեպ իրենց սիրո մասին: Նվազագույն շեղմամբ երեխան հասավ եկեղեցու մուտքի մոտ: Որքա՜ն նշանակալից էր, որ Աստվածաշնչի կաշվե շապիկի վրա երեխայի ատամների հետքերն էին։ Սա մի գեղեցիկ տեսարան էր, որ պատկերում էր Քրիստոսին հավատացողների կյանքում Աստվածաշնչի գերագույն արժեքը:

119-րդ Սաղմոսը ներկայացնում է Սուրբ Գրքի համապարփակ արժեքը: Հռչակելով Աստծո օրենքի համաձայն ապրողների երանի լինելը (հ. 1)՝ հեղինակը բանաստեղծորեն գովաբանում է Տիրոջը՝ ցույց տալով նաև իր սերը Նրա հանդեպ. «Տե՛ս, որ սիրում եմ քո պատվիրանները, Տե՛ր, քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ» (հ. 159), «Ատում եմ ստությունը և համարում գարշելի. քո օրե՛նքն եմ սիրում։» (հ. 163), «Իմ անձը պահում է քո վկայությունները, և ես շատ եմ սիրում դրանք» (հ. 167):

Ի՞նչ հայտարարություններ ենք անում մեր կյանքի ընթացքում Աստծո և Նրա Խոսքի հանդեպ մեր սիրո մասին: Նրա հանդեպ մեր սերը ստուգելու եղանակներից մեկը ինքներս մեզ հարցնելն է. «Ի՞նչ սնունդ եմ ընդունում», արդյո՞ք ես «համտեսել եմ» Սուրբ Գրքի քաղցր խոսքերը: Այնուհետև ընդունենք Տիրոջ այս հրավերը. «Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է. երանելի է այն մարդը, որ ապավինել է նրան» (Սաղմ. 34.8):

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, Դու գիտես, թե որտեղ իմ ախորժակը հղկման կարիք ունի: Խնդրում եմ, տու՛ր ինձ քաջություն և ուժ՝ անհրաժեշտ փոփոխություններ անելու և Քո հանդեպ իմ սիրո մեջ աճելու համար: Ամեն։

 

Ի՞նչ իրերի վրա կան մեր «ատամի հետքերը»: Ինչպե՞ս կարող ենք աճել Աստծուն և Սուրբ Գիրքը սիրելու մեջ:

  

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 81-83, Հռոմեացիներին 11.19-36