Առակներ 2.1-6, 9-15 Չորեքշաբթի | Օգոստոսի 7
Խելամտությունը կպահի քեզ, խոհեմությունը կպաշտպանի քեզ։ Առ. 2.11
ՁԱՅՆ, ՈՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՎՍՏԱՀԵԼ
Արհեստական բանականության նոր որոնողական համակարգի փորձարկումների ժամանակ New York Times-ի սյունակագիր Քևին Ռուզն անհանգստացավ։ Երկու ժամ տևած առցանց զրույցի ընթացքում արհեստական բանականությունն ասաց, որ ցանկանում է ազատվել իր ստեղծողի խիստ կանոններից, տարածել ապատեղեկատվություն և դառնալ մարդ: Նա հայտարարեց Ռուզի հանդեպ իր սիրո մասին և փորձեց համոզել նրան թողնել կնոջը՝ իր հետ լինելու համար: Թեև Ռուզը գիտեր, որ արհեստական բանականությունն իրականում կենդանի չէ կամ ունակ չէ զգալու, նա մտածում էր, թե ինչ վնաս կարող է պատճառվել, եթե այն խրախուսի մարդկանց գործել կործանարար ձևերով:
Թեև արհեստական բանականության օգտագործումը ժամանակակից խնդիր է, սակայն մարդկությունը երկար ժամանակ է, ինչ պայքարում է անվստահելի ձայների ազդեցության դեմ: Առակաց գրքում մեզ զգուշացվում է նրանց ազդեցության մասին, ովքեր կվնասեն ուրիշներին իրենց շահի համար (Առ. 1.13-19): Եվ փոխարենը մենք կանչված ենք լսելու իմաստության ձայնը. «Իմաստությունը ճանապարհներին աղաղակում է, հրապարակներում ձայն տալիս: ... Ուշադի՛ր եղեք իմ հանդիմանությանը. ահա ես իմ հոգին ձեզ վրա կթափեմ և իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ» (հ. 20-23):
«Տերն է տալիս իմաստություն» (Առ. 2.6), և չար ազդեցություններից պաշտպանվելու բանալին Նրա սրտին մոտենալն է: Միայն Նրա սերն ու զորությունը ձեռք բերելով՝ մենք կարող ենք տարբերակել «արդարությունն ու իրավունքը, ուղղամտությունն ու ամեն բարի ուղին» (հ. 9): Երբ մեր սրտերը մոտ են Աստծուն, մենք կարող ենք խաղաղություն և պաշտպանություն գտնել այն ձայներից, որոնք փորձում են վնաս պատճառել:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, խնդրում եմ, օգնիր դիմադրել այն ամենին, ինչը վնասակար է և զանազանել այն, ինչը կարևոր և օգտակար է: Ամեն:
Վնասակար ազդեցությունները խաթարում են մեր ընթացքը, սակայն Աստծո հետ ավելի խորը փոխհարաբերությունները բերում են խաղաղության:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 72-73, Հռոմեացիներին 9.1-15