.
Քարոզաբանության վերջին՝ գործնական դասը ՀԱԵ հովիվների համար

Ավարտվեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվների վերապատրաստման երկամյա դասընթացը՝ քարոզաբանություն առարկայի շուրջ:

Դասընթացը, որը մեկնարկել էր 2022 թ.-ի նոյեմբերին, ընթացավ 6 տեսական փուլով, յուրաքանչյուրը՝ 3-5 օր: Այդ ընթացքում ՀԱԵ հովիվներն ու պատրաստվող ծառայողները սովորեցին կամ վերհիշեցին բացատրական քարոզի սկզբունքները, մեթոդներն ու գործիքակազմը: Դասախոս վեր. Հովհաննես Բաջանեանը մանրամասն անդրադարձավ հերմենևտիկա, էգզեգետիկա առարկաներին, խոսեց ոչ միայն քարոզաբանության մեթոդների, այլև Աստվածաշունչը ճիշտ մեկնելու համար անհրաժեշտ անձնական որակների մասին:

2024 թ.-ի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը դասընթացին մասնակցած բոլոր հովիվներն ամփոփեցին իրենց գիտելիքները վերջին՝ գործնական հանդիպմանը: 7-րդ անգամ հավաքվելով մեկտեղ՝ նրանք քարոզեցին այնպես, ինչպես սովորել էին, բայց ոչ թե համայնքի, այլ ծառայակից եղբայրների առջև: Նախապես կազմված գրաֆիկի համաձայն՝ ամեն օր ներկաները 6 և ավելի քարոզ էին լսում, իսկ հետո քննարկում ուժեղ և թույլ կողմերը: Գրեթե ամեն օր փոխվում էր նաև լսարանը:

5 օր, 31 քարոզ. հովիվների երկամյա դասընթացի ամփոփիչ փուլը նաև յուրօրինակ ստուգատես էր՝ հասկանալու, թե որքանով է դասավանդված առարկան յուրացվել:

Արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 21-ին, ժամը՝ 18:00-ին, ՀԱԵ Բաղրամյան 18-ում հատուկ պաշտամունքի ընթացքում, որի ժամանակ դասընթացը հաջողած հովիվները, իրենց համայնքից հրավիրված անդամների ներկայությամբ, վկայականներ կստանան:

Հոգևոր կրթությունն առանցքային պահանջ է Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում հովվական ծառայության համար, ուստի բոլոր հնարավոր առիթներն օգտագործվում են, որպեսզի կրթության ընթացքը տևական ու պարբերական լինի:

 

Նախորդ
...
X