Հռոմեացիներին 12.9-18 Երկուշաբթի | Օգոստոսի 5
Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։ Հռոմ. 12.18
ԱՐՏԱՑՈԼԵԼ ՔՐԻՍՏՈՍԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Սեղանի մոտ երկու դեմք էր աչքի ընկնում՝ մեկն աղավաղված դառը զայրույթից, մյուսը՝ հուզական ցավից։ Հին ընկերների հանդիպումը վերածվել էր վիճաբանության, քանի որ մեկը նախատել էր մյուսին իր համոզմունքների համար: Վիճաբանությունը շարունակվել էր այնքան ժամանակ, քանի դեռ առաջին կինը դուրս չէր եկել ռեստորանից՝ մյուսին թողնելով ցնցված ու նվաստացած։
Իսկապե՞ս մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հնարավոր չէ հանդուրժել կարծիքների տարբերությունը: Միայն այն պատճառով, որ երկու հոգի չեն կարողանում համաձայնության գալ, չի նշանակում, որ նրանցից մեկը չար է: Կոպիտ կամ անզիջում խոսքը երբեք համոզիչ չէ, և ուժեղ հայացքները չպետք է գերազանցեն պարկեշտությանը կամ կարեկցանքին:
Հռոմեացիներին ուղղված նամակը 12-րդ գլուխը հիանալի ուղեցույց է այն մասին, թե ինչպես պետք է պատվել միմյանց և ներդաշնակ ապրել ուրիշների հետ (հ. 10, 16): Հիսուսը նշեց, որ Իրեն հավատացողների գլխավոր հատկանիշը սերն է միմյանց հանդեպ. «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք» (Հովհաննես 13.35): Թեև հպարտությունն ու զայրույթը կարող են հեշտությամբ մոլորեցնել մեզ, դրանք ճիշտ հակառակն են այն սիրո, որ Աստված ցանկանում է ցույց տանք ուրիշներին:
Դժվար է չմեղադրել ուրիշներին, երբ կորցնում ենք վերահսկողությունը մեր զգացմունքների հանդեպ, բայց «որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք» (Հռոմեացիներ 12.18) բառերը ցույց են տալիս, որ Քրիստոսի բնավորությունն արտացոլող կյանքով ապրելու պատասխանատվությունը մեզնից յուրաքանչյուրի վրա է, ով կրում է Նրա անունը:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, օգնի՛ր ինձ ցույց տալ Քո սերն այն ամենի միջոցով, ինչ ասում և անում եմ, և, որքան հնարավոր է, խաղաղ ապրեմ ուրիշների հետ: Ամեն։
Ուրիշների խոսքերը կարող են զայրույթ կամ վրդովմունք առաջացնել, սակայն հարկավոր է խաղաղություն փնտրել ամեն իրավիճակում:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 68-69, Հռոմեացիներին 8.1-21