Ղուկաս 18.15-17 Ուրբաթ | Օգոստոսի 2
«Թո՛ւյլ տվեք մանուկներին ինձ մոտ գալ և մի՛ արգելեք նրանց»։ Ղուկ. 18.16
ՄԻ ԵՐԵԽԱՅԻ ՀՈՒՅՍ
Երբ թոռնուհիս՝ Էլիանան, ընդամենը յոթ տարեկան էր, դպրոցում մի տեսանյութ էր դիտել Գվատեմալայի մանկատան մասին: Տուն վերադառնալով՝ խնդրել էր մայրիկին. «Մենք պետք է գնանք այնտեղ, որպեսզի օգնենք նրանց»: Մայրը պատասխանել էր. «Կմտածենք այդ մասին, երբ մեծանաս»։
Տարիներն անցավ, բայց Էլիանան չմոռացավ այս մասին. երբ նա տասը տարեկան էր, նրա ընտանիքը այցելեց մանկատուն՝ օգնելու երեխաներին։ Երկու տարի անց նրանք վերադարձան՝ այս անգամ իրենց հետ տանելով Էլիանայի դպրոցից ևս երկու ընտանիք: Երբ Էլիանան տասնհինգ տարեկան էր, հոր հետ վերադարձան Գվատեմալա՝ ծառայելու մանկատանը:
Երբեմն մեզ թվում է, թե փոքր երեխաների ցանկություններն ու երազանքները չեն կրում մեծահասակների հույսի կշիռը: Բայց Սուրբ Գիրքը, կարծես, նման տարբերակում չի դնում: Աստված երեխաներին նույնպես կանչում է ծառայության, ինչպես Սամուելի դեպքում (Ա Թագ. 3.4): Ղուկասի Ավետարանում տեսնում ենք, որ Հիսուսը պատվում է փոքրիկների հավատքը (Ղուկաս 18.16-17): Իսկ Պողոսը Տիմոթեոսին ուղղված առաջին նամակում նշում, որ երիտասարդ հավատացյալները չպետք է թույլ տան, որ մարդիկ անտեսեն իրենց միայն այն պատճառով, որ իրենք երիտասարդ են. «Թող ոչ ոք քո երիտասարդ տարիքը չարհամարհի, այլ հավատացյալներին օրինա՛կ եղիր խոսքով, վարքով, սիրով, հավատով, անարատությամբ» (Ա Տիմոթեոս 4.12):
Այսպիսով, մենք կանչված ենք առաջնորդելու մեր երեխաներին (Բ Օրենք 6.6-7; Առ. 22.6)՝ գիտակցելով, որ նրանց հավատքը օրինակ է բոլորիս համար (Մատթ. 18.3) և հասկանալով, որ նրանց խոչընդոտելը նշանակում է, որը մենք ընդդիմանում ենք Քրիստոսի նախազգուշացմանը (Ղուկ. 18.15-16)։
Երբ մենք տեսնում ենք հույսի կայծ երեխաների մեջ, մեծահասակներիս գործն է օգնել այն վառել: Եվ մինչ Աստված առաջնորդում է մեզ, խրախուսե՛նք նրանց ապրել Հիսուսին վստահելու և ծառայելու կյանքով:
Աղոթք – Սիրելի՛ Հայր, աշխարհի բոլոր երեխաները Քրիստոսի կարիքն ունեն: Խնդրում եմ, օգնի՛ր քաջալերել նրանց, որ վստահեն ու հավատան Քեզ:
Մեր պատասխանատվությունն է քաջալերել երեխաներին, որպեսզի աճեն իրենց հավատքի մեջ:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 60-62, Հռոմեացիներին 5