.
2024թ., Հուլիսի 28

 

Սաղմոս 30                                                                      Կիրակի | Հուլիսի 28

«Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, ո՛վ նրա հավատարիմներ» (Սաղմ. 30.4)։

 

Վերափոխող Պաշտամունք

    Սյուզին լաց էր լինում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի սպասասրահում, վախը պատել էր նրա սիրտը: Նրա երկու ամսական փոքրիկի թոքերը լցված էին հեղուկով: Բժիշկներն անում էին ամեն հնարավոր բան նրա կյանքը փրկելու համար, սակայն ոչ մի երաշխիք չէին տալիս: Այդ պահին Սյուզիի խոսքով՝ «զգացել էր Սուրբ Հոգու քաղցր, նուրբ հպումը՝ հիշեցնելով իրեն երկրպագել Աստծուն»։ Երգելու ուժ չունենալով՝ նա հիվանդանոցում հաջորդ երեք օրերի ընթացքում հեռախոսով փառաբանության երգեր էր միացնում։ Երկրպագելով՝ նա հույս ու խաղաղություն գտավ։ Այսօր նա կիսվում է իր փորձառությամբ, որ մեծ դաս է քաղել այդ փորձության մեջ. «Պաշտամունքը չի փոխում Աստծուն, բայց այն վստահաբար փոխում է քեզ»:

Հուսահատ հանգամանքներում հայտնված Դավիթն աղոթեց առ Աստված՝ փառաբանելով Նրան (Սաղմոս 30.8)։ Մեկնաբաններից մեկը նշում է, որ սաղմոսերգուն աղոթում էր «փառաբանությունիցից բխող շնորհի համար, որը վերափոխում է»։ Աստված Դավթի «սուգը» վերածեց ցնծության, և Դավիթը հայտարարեց. «Դրա համար էլ թող իմ փառքը սաղմոս ասի քեզ և լուռ չմնա, ո՜վ Տեր իմ Աստված. հավիտյան պիտի փառաբանեմ քեզ» (հ. 11-12):

Թեև դժվար ժամանակներում Աստծուն փառաբանելը կարող է դժվար լինել, սակայն դա կարող է հանգեցնել վերափոխման. հուսահատությունից՝ հույս, վախից՝ հավատ: Եվ Նա կարող է օգտագործել մեր օրինակը՝ ուրիշներին քաջալերելու համար (հ. 4-5):

Աստծո ողորմությամբ Սյուզիի տղան ապաքինվեց։ Թեև կյանքում բոլոր փորձությունները չեն ավարտվում այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, սակայն Նա կարող է վերափոխել մեզ և լցնել նոր ուրախությամբ (հ. 11), եթե մենք երկրպագենք Նրան նույնիսկ մեր ցավի մեջ:

Աղոթք – Սիրելի՛ Աստված, օգնի՛ր ինձ փառաբանեմ Քեզ նույնիսկ իմ ցավի և դժվարությունների մեջ: Ամեն։

Ցավի մեջ Աստծուն երկրպագելը կարող է դրական ազդել մեզ վրա և բարի վկայություն լինել ուրիշների վրա:

 

 

 

 Աստվածաշունչը մեկ տարում   |   Սաղմոսներ 46-48    Գործք 28