Ա Հովհաննես 4.7-12, 19-21 Շաբաթ | Հուլիսի 27
«Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ» (Ա Հովհ. 4.19):
Ծառայելու փոքր և պարզ ուղիներ
Երբ Էլսին քաղցկեղով հիվանդացավ, նա պատրաստ էր տուն՝ երկինք գնալու և Հիսուսի հետ լինելու: Բայց նա ապրեց, թեև հիվանդությունից մարմինն անշարժացել էր: Էլսին չէր կարողանում հասկանալ, թե ինչու Աստված խնայեց իր կյանքը: «Ի՞նչ լավ բան կարող եմ անել,-հարցրեց նա Տիրոջը,- ես քիչ գումար և հմտություններ ունեմ, ես չեմ կարողանում քայլել, ինչպե՞ս կարող եմ օգտակար լինել Քեզ»:
Այնուհետև նա գտավ ուրիշներին, հատկապես գաղթական իր մաքրուհիներին ծառայելու փոքր և պարզ ուղիներ: Նա նրանց համար ուտելիք էր գնում կամ մի քանի դոլար տալիս, երբ խնամում էին իրեն, աշխատում իր տանը։ Այս դրամական նվերները չնչին էին, բայց օգնեցին աշխատողներին հոգալ իրենց կարիքները։ Այդպես վարվելով՝ Էլսին տեսնում էր, որ Աստված հոգ է տանում իր մասին. ընկերներն ու ընտանիքը նրան նվերներ և փող էին տալիս՝ այդպիսով թույլ տալով օրհնել նաև ուրիշներին:
Երբ նա կիսվում էր իր պատմությամբ, ես այդ պահին մտածում էի, որ Էլսին իսկապես հնազանդվում է Աստծո՝ միմյանց սիրելու կոչին. «Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ» (Ա Հովհաննես 4.19): Այդ սերը դրսևորվում է նաև ուրիշներին տալու փորձառությամբ: Պողոս առաքյալը մեզ հիշեցնում է, որ «Ավելի երանելի է տալը, քան առնելը» (Գործք Առ. 20.35)։
Էլսին տալիս էր, որովհետև նաև ստանում էր, և իր հերթին քաջալերվում՝ օրհնելով ուրիշներին: Նա ուներ սիրող, երախտապարտ սիրտ և պատրաստակամություն՝ առաջարկելու այն, ինչ ուներ, որն Աստված ավելիով բազմապատկեց՝ տալու և ստանալու շրջագծի մեջ: Եկե՛ք խնդրենք Տիրոջը, որ մեզ երախտապարտ և առատաձեռն սիրտ տա՝ սիրով անելու այն, ինչի մեջ կառաջնորդի մեզ:
Աղոթք – Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ օրհնություններիդ համար: Թո՛ղ սիրեմ ուրիշներին, ինչպես Դու ինձ սիրեցիր: Ամեն։
Տերն առատապես օրհնում է մեզ, ուստի եկե՛ք մենք էլ քաջալերենք մյուսներին պարզ, բայց իմաստալից ուղիներով:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 43-45 Գործք 27.27-44