Երեմիա 2.1-5, 21-22 Ուրբաթ | Հուլիսի 26
«Ու թեև բորակով լվացվես և շատ օճառ գործածես, քո անօրենությունն իմ առաջ իբրև արատ պիտի մնա,- ասում է Տեր Աստված» (Եր. 2.22):
Հիսուսը հեռացնում է բծերը
«Սա կատա՞կ է»,-գոռացի ես՝ լվացքի չորանոցից հանելով վերնաշապիկս։
Սպիտակ վերնաշապիկիս վրա թանաքի բծեր կային։ Իրականում այն նման էր հովազի մաշկին. հագուստը ամբողջությամբ ծածկված էր թանաքի հետքերով։ Ակնհայտ էր՝ ես նախքան լվանալը չէի ստուգել գրպաններս, և գրիչի թանաքը ներկել էր ամեն բան:
Սուրբ Գիրքը հաճախ օգտագործում է «բիծ» բառը՝ մեղքը նկարագրելու համար: Բիծը թափանցում է հագուստի հյուսվածքի մեջ՝ փչացնելով այն, նույն կերպ էլ մեղքի պարագայում է։ Ահա թե ինչպես Աստված, խոսելով Երեմիա մարգարեի միջոցով, նկարագրեց մեղքը՝ հիշեցնելով Իր ժողովրդին, որ դրա բիծը մաքրելն իրենց ուժերից վեր է. «Ու թեև բորակով լվացվես և շատ օճառ գործածես, քո անօրենությունն իմ առաջ իբրև արատ պիտի մնա,- ասում է Տեր Աստված» (Երեմիա 2.22)։
Բարեբախտաբար վերջին խոսքը մեղքինը չէ։ Եսայի մարգարեն խոսում է Աստծո խոստման մասին, որ Նա կարող է մաքրել մեզ մեղքի բծից. «Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան» (Եսայի 1.18)։
Ես այդպես էլ չկարողացա վերնաշապիկիս վրայից հանել թանաքի բիծը։ Նույն կերպ իզ զորու չեմ չեմ լվանալ իմ մեղքի բիծը: «Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհ. 1.9)։
Աղոթք – Հա՛յր, խնդրում եմ, օգնիր ինձ հավատարիմ և ամուր կառչած մնալ խոստմանը, որ Քրիստոսով կա ներում և մեղքից մաքրվելու հնարավորություն: Ամեն։
Ինչպիսի՞ն է եղել ձեր կյանքում ներման և մեղքից մաքրվելու փորձառությունը: Ի՞նչ «բծեր» կան, որ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով մաքրվելու կարիք ունեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 40-42 Գործք 27.1-26