.
2024թ., Հուլիսի 24

 

Սաղմոս 91.1-2, 14-16                                               Չորեքշաբթի | Հուլիսի 24

«Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել» (Սաղմ. 91.2):

 

Մեր ճշմարիտ ապավենն Աստված է

Կնոջ մահից հետո Ֆրեդը զգաց, որ կարող է դիմանալ այդ կորստի ցավին, քանի դեռ երկուշաբթի օրերին նախաճաշում է իր ընկերների հետ: Նրա թոշակառու ընկերները կարողանում էին բարձրացնել իր տրամադրությունը։ Ամեն անգամ, երբ տխրություն էր տիրում, Ֆրեդն իրեն մխիթարում էր նրանով, որ հաջորդ անգամ նորից կվայելի նրանց հաճելի ընկերակցությունը: Անկյունային փոքրիկ սեղանը վիշտը հաղթահարելու ապահով վայր էր դարձել։

Սակայն ժամանակի ընթացքում հավաքույթները դադարեցին։ Որոշ ընկերներ հիվանդացան, մյուսները մահացան։ Դատարկությունը ստիպեց Ֆրեդին մխիթարություն փնտրել Աստծո մեջ, ում հանդիպել էր իր երիտասարդության տարիներին: «Ես հիմա մենակ եմ նախաճաշում,- ասում է նա,- բայց չեմ մոռանում կառչած մնալ այն ​​ճշմարտությունից, որ Հիսուսն ինձ հետ է: Իսկ երբ դուրս եմ գալիս ճաշարանից, ինձ միայնակ չեմ զգում»։

Սաղմոսերգուի նման՝ Ֆրեդը գտավ Աստծո ներկայության ապահովությունն ու մխիթարությունը. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել» (Սաղմոս 91.2): Ֆրեդն իր ապահովությունը գտավ Աստծո մշտական ​​ներկայության մեջ, ում մենք կարող ենք վստահել և հանգստանալ Նրա հովանու ներքո (հ. 1): Ե՛վ Ֆրեդը, և՛ սաղմոսերգուն հայտնաբերեցին, որ իրենք ստիպված չեն միայնակ անցնել դժվար օրերի միջով։ Մենք նույնպես կարող ենք վստահ լինել Աստծո պաշտպանության և օգնության մեջ։ Երբ մենք վստահությամբ դիմում ենք Նրան, Նա խոստանում է պատասխանել և մեզ հետ լինել (հ. 14-16):

Արդյո՞ք ունենք ապահով վայր, «անկյունային սեղան», որտեղ գնում ենք, երբ բախվում ենք կյանքի դժվարություններին։ Դա երկար չի տևի, բայց Աստված հարատև է: Նա սպասում է, որ մենք գանք Իր մոտ՝ գտնելով մեր իսկական ապաստանը:

Աղոթք – Սիրելի՛ Աստված, Դու իմ ճշմարիտ ապավենն ես: Քո ներկայությունն ինձ ապահովություն է տալիս, Քո օգնությունն ու պաշտպանությունը միշտ շրջապատում են ինձ: Ամեն։

Երբ դժվարությունների մեջ ենք, որտե՞ղ ենք փնտրում մեր ապահովությունը: Դիմե՛նք Աստծուն և վստահենք Նրան՝ որպես իրական ու ճշմարիտ ապավեն:

 

 

Աստվածաշունչը մեկ տարում  |    Սաղմոսներ 35-36    Գործք 25