Եզրաս 3.1-6 Շաբաթ | Հուլիսի 13
«սկսեցին ողջակեզներ մատուցել Տիրոջը, բայց Տիրոջ տաճարի հիմքը դրված չէր» (Եզր. 3.6)։
Նախ՝ Պաշտամունք
Ես երբևէ չէի մտածել ստեղծել մեծահասակների խնամքի շահույթ չհետապնդող կազմակերպություն, և երբ ներքին մղում ունեցա դա անելու, ինձ մոտ շատ հարցեր առաջացան. ինչպե՞ս է ֆինանսավորվելու բարեգործական կազմակերպությունը, ո՞վ կարող է աջակցել այդ հարցում: Այս հարցերիս պատասխան գտնելու համար ինձ ամենաշատն օգնեց ոչ թե բիզնես գիրքը, այլ Աստվածաշունչը։
Եզրասի գիրքը յուրաքանչյուրը պետք է ընթերցի, ով կանչված էր Աստծո կողմից ինչ-որ բան կառուցելու համար: Պատմելով, թե ինչպես հրեաները վերակառուցեցին Երուսաղեմն իրենց աքսորից հետո, նա ցույց է տալիս, թե ինչպես է Աստված միջոցներ տրամադրում հանրային նվիրատվությունների և պետական դրամաշնորհների միջոցով (Եզրաս 1.4-11; 6.8-10) և թե ինչպես քարհատները, հյուսները, տոհմապետները և քահանաները կատարեցին աշխատանքը (1.5, 3.7)։ Սա ցույց է տալիս նախապատրաստական ընթացքի կարևորությունը, քանի որ վերականգնումը սկսվեց «Աստծու տունը գնալու երկրորդ տարվա երկրորդ ամսում մինչև հրեաների վերադարձի երկրորդ տարին» (3.8)։
Այս պատմության մեջ մի բան հատկապես գրավեց ուշադրությունս. շինարարության սկսվելուց մեկ տարի առաջ հրեաները զոհասեղան կանգնեցրին (3.1–6)։ Ժողովուրդը երկրպագում էր, թեև «Տիրոջ տաճարի հիմքը դրված չէր» (հ. 6): Երկրպագությունն առաջնայինն էր:
Արդյո՞ք Աստված կանչում է ձեզ՝ նոր բան սկսելու: Եզրասի սկզբունքը կարևոր է, անկախ նրանից՝ դուք սկսում եք բարեգործական ծրագիր, Աստվածաշնչի սերտողություն, ստեղծագործական նախագիծ կամ նոր հանձնարարություն աշխատանքի մեջ: Նույնիսկ Աստծո կողմից տրված նախագիծը կարող է հեռացնել մեր ուշադրությունը Նրանից, ուստի եկե՛ք նախ կենտրոնանանք Աստծո վրա: Նախքան սկսելը՝ երկրպագենք Նրան:
Աղոթք – Երկնային Հա՛յր, ես երկրպագում եմ Քեզ՝ որպես ամեն բանի Ստեղծիչ ու Տեր, ներառյալ այն առաջադրանքների մեջ, որոնք Դու հանձնարարել ես այսօր կատարելու: Ամեն։
Ինչո՞ւ հրեաները նախ զոհասեղան կառուցեցին: Ինչպե՞ս կարող է երկրպագությունը առաջնահերթ դառնալ մեր աշխատանքային առօրյայում:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 7-9 Գործք 18