Ժողովող 11.13-14 Ուրբաթ | Հուլիսի 12
«Որովհետև Աստված բոլոր գործերը դատաստանի է բերելու ամեն ծածուկ բանի հետ՝ բարի թե չար» (Ժող. 11.14):
Բացահայտված մեղքեր
Գողը ներխուժել էր հեռախոսների վերանորոգման կետ, կոտրել պատուհանի ապակին և հեռախոսներ ու այլ իրեր գողացել։ Նա փորձել էր թաքցնել իր ինքնությունը տեսախցիկից՝ ծածկելով գլուխը ստվարաթղթե տուփով։ Բայց կողոպուտի ժամանակ արկղը կարճ ժամանակով շրջվել էր՝ մերկացնելով նրա դեմքը: Մի քանի րոպե անց խանութի տերը, տեսնելով գողության տեսագրությունը, ոստիկանություն էր կանչել, և կողոպտիչին ձերբակալել էին մոտակա խանութի մոտ։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր թաքնված մեղք մի օր կբացահայտվի:
Մարդկային բնույթն է՝ փորձել թաքցնել մեղքերը: Բայց Ժողովող գրքում կարդում ենք, որ մենք պետք է պահենք Աստծո պատվիրանները, քանի որ այն ամենը, ինչ գաղտնի է, կհայտնվի Նրա արդար դատաստանի առաջ (Ժող. 11.14): Հեղինակը գրել է. «Աստծուց վախեցի՛ր և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև մարդու համար սա է իր ամբողջ պարտավորությունը» (հ. 13): Նույնիսկ թաքնված բաները, որոնք դատապարտվում են Տասը պատվիրաններում (Ղևտ. 4.13) եթե անգամ ծածուկ մնան մարդկանց աչքից, չեն խուսափելու Աստծո դատաստանից: Նա դատաստանի կհասցնի ամեն գործ՝ բարի թե չար։ Բայց մենք կարող ենք մեր մեղքերից թողություն գտնել, քանի որ Աստված, որ հարուստ է ողորմությամբ, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց (Եփես. 2.4-5):
Երբ մենք գիտակցենք և ընդունենք Նրա պատվիրանները, դա կարող է հանգեցնել Նրա հանդեպ երկյուղի և դրանից բխող ապրելակերպի: Եկե՛ք բերենք մեր մեղքերը Աստծո առաջ և նորովի զգանք Նրա սերն ու ներողամտությունը։
Աղոթք – Սիրելի՛ Աստված, ես ապաշխարում եմ իմ գաղտնի մեղքերի համար: Խնդրում եմ՝ ողորմությամբ նայի՛ր ինձ և օգնի՛ր արդար ապրել Քո առջև: Ամեն:
Թող Աստծո հանդեպ մեր երկյուղը չպակասի և զգուշավոր լինենք պատվիրանները պահելու մեջ:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 4-6 Գործք 17.16-34