Ա Տիմոթեոսին 1.12-17 Հինգշաբթի | Հուլիսի 11
«Իսկ մեր Տիրոջ շնորհն է՛լ ավելի մեծ եղավ հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է» (Ա Տիմ. 1.14):
Երկնային առատություն
Ես խանութից պատվիրել էի ութ հատ բանան։ Փոխարենը, երբ բացեցի իմ տուն առաքված մթերային տոպրակները, գտա քսան հատ։ Ես արագ հասկացա, որ իմ տեղափոխությունն Անգլիա նշանակում էր, որ ես նաև ֆունտով սնունդ պատվիրելուց պետք է անցում կատարելի կիլոգրամի։ Երեք ֆունտի փոխարեն երեք կիլոգրամ (գրեթե յոթ ֆունտ) բանան էի պատվիրել։
Այսպիսի առատությամբ իմ սիրելի բաղադրատոմսով ես պատրաստեցի բանանով հացի մի քանի չափաբաժին՝ այս օրհնությունը ուրիշների հետ կիսելու համար: Երբ ես տրորում էի պտուղը, սկսեցի մտածել իմ կյանքի այլ ոլորտների մասին, որտեղ ես անսպասելի առատություն էի զգացել, որոնցից յուրաքանչյուրը տանում էր դեպի Աստված:
Ըստ երևույթին, Պողոսը նման փորձառություն ունեցավ՝ անդրադառնալով Աստծո առատությանն իր կյանքում: Տիմոթեոսին ուղղված իր առաջին նամակում Պողոսը կանգ առավ՝ նկարագրելու իր կյանքը Հիսուսի առջև՝ իրեն անվանելով «հալածող և անարգող մարդ» (Ա Տիմ. 1.13), «մեղավոր» մեկը (հ. 15): Պողոսի կոտրված վիճակում Աստված շնորհք, հավատք և սեր շռայլեց նրան (հ. 14): Թվարկելով իր կյանքի ողջ առատությունը՝ առաքյալը չէր կարող չփառավորել միակ Աստծուն՝ Նրան արժան ձևով տալով «պատիվ ու փա՜ռք հավիտյանս հավիտենից» (հ. 17):
Ինչպես Պողոսը, մենք բոլորս էլ առատ շնորհ ստացանք, երբ ընդունեցինք մեղքից ազատվելու Քրիստոսի առաջարկը (հ. 15): Երբ մենք կանգ առնենք՝ խորհելու արդյունքում ստացած բոլոր օրհնությունների մասին, մենք կմիանանք Պողոսին՝ երախտապարտ գովաբանելով մեր առատաձեռն Աստծուն:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Քո շնորհի առատ պարգևի համար: Ամեն։
Եթե զգում և տեսնում ես Աստծո տված առատությունը, գովաբանի՛ր Նրան այսօր:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 1-3 Գործք 17.1-15