Ա Թագավորներին 16.4-12 Չորեքշաբթի | Հուլիսի 10
«Մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում» (Ա Թագ. 16.7):
Քննի՛ր սիրտս, ո՛վ Աստված
Սննդամթերքի թափոնները նվազեցնելու համար Սինգապուրի սուպերմարկետների ցանցը փոքր-ինչ փչացած մրգերն ու բանջարեղենն ավելի ցածր գներով է վաճառում։ Մեկ տարվա ընթացքում այս նախաձեռնությունը խնայեց ավելի քան 850 տոննա (778,000 կգ) մթերք, որը նախկինում դեն նետված կլիներ գեղագիտական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: Գնորդները շուտով հասկացան, որ արտաքին տեսքը՝ սպիներն ու տարօրինակ ձևերը, չեն ազդում համի և սննդային արժեքի վրա: Այն, ինչ երևում է դրսից, միշտ չէ, որ որոշում է ներսի պարունակությունը:
Սամուել մարգարեն նմանատիպ դաս սովորեց, երբ Աստված ուղարկեց նրան՝ օծելու Իսրայելի հաջորդ թագավորին (Ա Թագ. 16.1): Երբ Սամուելը տեսավ Եղիաբին՝ Հեսսեի առաջնեկին, մտածեց, որ նա է ընտրյալը։ Բայց Աստված ասաց. «Մի՛ նայիր նրա տեսքին ու բարձր հասակին, քանզի ես մերժեցի նրան, որովհետև Տերը մարդու պես չի նայում. մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում» (հ. 7): Հեսսեի ութ որդիներից Աստված ընտրեց ամենափոքրին՝ Դավթին, ով արածեցնում էր իր հոր ոչխարները (հ. 11), որպեսզի դառնա հաջորդ թագավորը:
Աստված ավելի շատ հոգում է մեր սրտերի մասին, քան արտաքին հատկանիշների. ո՞ր դպրոցն ենք հաճախում, որքան ենք վաստակում կամ որքան կամավոր ծառայուփյուն ենք կատարում: Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին կենտրոնանալ իրենց սրտերը եսասիրական և չար մտքերից մաքրելու վրա, քանի որ «այն, ինչ դուրս է գալիս մարդու միջից, դա է պղծում մարդուն» (Մարկ. 7.20): Ինչպես Սամուելը սովորեց ուշադրություն չդարձնել արտաքին տեսքը, այնպես էլ մենք՝ Աստծո օգնությամբ, քննենք մեր սրտերը, մեր մտքերն ու մտադրություններն այն ամենի մեջ, ինչ անում ենք։
Աղոթք – Սիրելի Աստված, օգնի՛ր անել միայն այն, ինչ կփառավորի Քեզ: Ամեն։
Ե՞րբ եք սխալ շարժառիթով թվացյալ «լավ բան» արել: Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մեր սիրտն ու մտքերը մաքուր են:
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 41-42 Գործք 16.22-40