Ծնունդ 32.22-32 Ուրբաթ | Հուլիսի 5
«Եվ Հակոբը մնաց միայնակ։ Եվ մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչև արևածագ» (Ծնունդ 32.24):
Գոտեմարտ Աստծո հետ
Ամուսնուս մահից հետո վաղեմի ընկերս ինձ գրություն ուղարկեց. «Ալանը... Աստծո հետ մարտնչող էր. նա իսկական «Հակոբ» էր, ում շնորհիվ ես այսօր քրիստոնյա եմ»: Երբեք մտքովս չի անցել համեմատել Ալանի պայքարը Հակոբ նահապետի պայքարի հետ, բայց դա տեղին էր։ Իր ամբողջ կյանքում Ալանը պայքարում էր ինքն իր հետ և պատասխաններ ստանալու համար պայքարում նաև Աստծո հետ: Նա սիրում էր Աստծուն, բայց միշտ չէ, որ կարողանում էր ըմբռնել այն ճշմարտությունը, որ Աստված սիրում է իրեն, ներում և լսում իր աղոթքները: Այնուամենայնիվ, նրա կյանքն օրհնություններով լի էր, և նա դրական ազդեցություն ունեցավ շատերի վրա:
Հակոբի կյանքը բնութագրվում էր պայքարով. նա համարձակվեց ստանալ իր եղբոր՝ Եսավի անդրանիկության իրավունքը։ Նա փախավ տնից ու երկար տարիներ պայքարեց իր ազգականի ու աներոջ՝ Լաբանի դեմ։ Հետո փախավ Լաբանից։ Նա միայնակ էր և վախենում էր Եսավի հետ հանդիպումից։ Այնուամենայնիվ, նա երկնային հանդիպում ունեցավ. «Աստծո հրեշտակները հանդիպեցին նրան» (Ծնունդ 32.1), հավանաբար սա հիշեցում էր Աստծո կողմից տրված իր ավելի վաղ երազանքի մասին (Ծնունդ 28.10-22): Այժմ Հակոբը ևս մեկ հանդիպում ունեցավ. ամբողջ գիշեր նա գոտեմարտեց մարդու կերպարանք ունեցող Աստծո հետ, ով նրան կոչեց Իսրայել, որովհետև նա գոտեմարտեց Աստծո և մարդկանց հետ և հաղթեց (32.28): Աստված Հակոբի հետ էր և սիրում էր նրան անկախ ամեն ինչից:
Մեզնից յուրաքանչյուրը դժվարություններ ունի։ Բայց մենք միայնակ չենք. Աստված մեզ հետ է ամեն փորձության ժամանակ: Նրանք, ովքեր հավատում են Նրան, սիրված են, ներված և խոստացված հավիտենական կյանք ունեն (Հովհ. 3.16): Մենք կարող ենք ամուր կառչել Նրանից:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, օգնի՛ր՝ բերել իմ հարցերն ու մտահոգությունները Քո առաջ՝ վստահ լինելով, որ դու լսում և պատասխանում ես: Ամեն։
Ե՞րբ ես գոտեմարտում Աստծո հետ: Աստված քեզ հետ է քո բոլոր դժվարությունների ու պայքարների մեջ:
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 30-31 Գործք 13.26-52