.
2024թ., Հունիսի 25

Եփեսացիներին 1․ 15-23                                             Երեքշաբթի   |   Հունիսի 25

Ձեզ համար գոհություն հայտնելուց չեմ դադարում՝ ձեզ իմ աղոթքներում հիշելով։ 

Եփ 1․ 16

 

ՀԵԶ ՋՈՐՆԸ

 

Ոչ ոք չհավատաց, որ Ջորնը՝ համեստ գյուղատնտեսը, ով զբաղվում էր հողագործությամբ, ինչ-որ մեծ բան կկարողանա անել։ Թեև նրա տեսողությունը թուլացած էր և այլ ֆիզիկական արատներ ուներ, նա իր կյանքը նվիրեց իր գյուղի բնակիչներին Նորվեգիայում։ Երբ գիշերները ցավը նրան չէր թողնում քնել, նա աղոթում էր գյուղի բնակիչների համար։ Նա անցնում էր տնից տուն և աղոթում յուրաքանչյուրի համար, ով այնտեղ ապրում էր, ներառյալ փոքր երեխաներին, ում նույնիսկ երբեք չի տեսել։ Մարդիկ սիրում էին նրա հեզ հոգին և հաճախ դիմում էին նրան խորհուրդ ստանալու համար։ Իսկ եթե նա չէր կարող օգնել, նրանք դեռ շնորհակալություն էին հայտնում, որովհետև զգում էին նրա սերն ու հոգատարությունը։ Երբ Ջորնը մահացավ, նրա հուղարկավորությունն ամենամարդաշատն էր շրջակայքում, չնայած ոչ մի հարազատ չուներ։ Նրա աղոթքները ծաղկեցին և բերեցին պտուղներ, որոնք գերազանցում էին այն ամենը, ինչ նա կարող էր պատկերացնել։

Այս խոնարհ մարդը հետևեց Պողոս առաքյալի օրինակին, ով սիրում և աղոթում էր նրանց համար, ում ծառայում էր։  Հռոմեական բանտում գտնվելիս՝ Պողոսը խնդրում էր Աստծուն, որ եփեսացիներին տա «իմաստության և հայտնության հոգի» և «լուսավորի նրանց սրտի աչքերը» (հ․ 17-18): Առաքյալը ցանկանում էր, որ նրանք ճանաչեն Քրիստոսին և ապրեն սիրով ու միասնությամբ։

Թող այս բարի օրինակները քաջալերեն մեզ, որպեսզի աղոթենք ուրիշների համար։ Սիրենք նրանց, ովքեր մեզ շրջապատում են, և ծառայենք նրանց մեր աղոթքներով։

Աղոթք – Տեր Հիսո՛ւս, Դու ծառայեցիր մարդկանց ու նրանց կարիքներն առաջին տեղում դրեցիր։ Օգնի՛ր, որ ամեն օր սիրեմ և ուրախությամբ Քեզ ծառայեմ: Ամեն։

 

Աղոթող մարդիկ արտացոլում են Քրիստոսի սերը։




Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 3-4, Գործք Առաքելոց 7․ 44-66