.
2024թ., Հունիսի 23

Ա Տիմոթեոս 6. 6-10, 17-19                       Կիրակի   |   Հունիսի 23

Թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն և ուրիշին բաժին հանեն իրենց ունեցածից։ Ա Տիմ․ 6․18

 

ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Յոթանասուն տարի ծանր աշխատանքից հետո, որպես լվացարարուհի, Օսեոլա Մաքարթին թոշակի անցավ։ Այս տարիների ընթացքում նա ձեռքով լվանում էր, ճզմում ու չորացնում հագուստը, մինչդեռ իր չնչին եկամուտից բծախնդիր կերպով խնայում էր մեկ կարևոր գործի համար։ Եվ այսպես, ութսունվեց տարեկանում թոշակառու դառնալով՝ Օսեոլան, ի զարմանս տեղի բնակիչների, հարյուր հիսուն հազար դոլար նվիրաբերեց մոտակա համալսարանին՝ աղքատ ուսանողների կրթության հիմնադրամ ստեղծելու համար։ Նրա անձնուրացությամբ ոգեշնչված՝ հարյուրավոր մարդիկ նույնպես սկսեցին նվիրատվություններ կատարել։ Արդյունքում հավաքվեց գումար, որը երեք անգամ գերազանցում էր նրա սկզբնական ներդրումը:

Օսեոլան հասկանում էր, որ եկամուտներն իսկական արժեք են ստանում, երբ ծախսվում են ոչ թե սեփական կարիքների համար, այլ ուրիշների։ Պողոս Առաքյալը կոչ էր անում Տիմոթեոսին հորդորել հարուստներին, որպեսզի նրանք «բարի գործերով հարստանան» (Ա Տիմ. 6․18)։ Աստված յուրաքանչյուրիս վստահել է դրամական միջոցներ և այլ ռեսուրսներ, որոնք մենք պետք է իմաստությամբ օգտագործենք։ Պողոսը խորհուրդ է տալիս հարուստ քրիստոնյաներին հույսը դնել «ոչ թե ունայն հարստության վրա, այլ Աստծու վրա» (հ. 17) և հավաքել գանձեր երկնքում՝ լինելով առատաձեռն և ուրիշին բաժին հանեն իրենց ունեցածից (հ. 18)։

Աստծո տնտեսության մեջ կուտակումն ու ագահությունը տանում են դեպի աղքատություն: Ուրիշների օգտին զոհաբերելը ճշմարիտ հարստության ճանապարհն է: «Սակայն աստվածապաշտությունը գոհունակության հետ միասին մեծ շահ է» (հ. 6): Ի՞նչ կլիներ, եթե մենք էլ Օսեոլայի պես առատաձեռն լինեինք։ Եկե՛ք վստահենք Աստծո առաջնորդությանը և հարուստ լինենք բարի գործերով:

Աղոթք – Շնորհակալություն եմ հայտնում Քեզ, Տե՛ր, այն ամենի համար, ինչ ինձ տվել ես։ Ես այդ ամենը նվիրում եմ Քեզ, որպեսզի գործածես կարիքավորների համար։ Ամեն:

 

Առատաձեռն լինելու հնարավորություն ունենք, եթե պատրաստ ենք գոհունակությամբ մեր ունեցածն ուրիշների հետ բաժնեկցելու։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսթեր 9-10, Գործք Առաքելոց 7․ 1-21