Երեմիայի Ողբերը 3․ 19-26 Հինգշաբթի | Հունիսի 20
Տիրոջ ողորմությունը չի դադարում…Նրանք ամեն առավոտ նորանում են: Երեմիայի Ողբերը 3․ 22-23
ՆՈՐ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ
Արդեն երեք տարի է, ինչ իմ ընկերուհի Սյուզանն ի վիճակի չէ ինչ-որ բան գնել իր համար՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության պարագաների: COVID-19 համավարակն անդրադարձավ նրա եկամուտների վրա, և նա սկսեց ապրել սպարտական կենսակերպով: «Մի անգամ, երբ մաքրում էի բնակարանը, նկատեցի, թե որքան են հնացել իմ իրերը, – կիսվեց նա ինձ հետ: – Ես նոր իրերի ու թարմության կարոտը զգացի: Ամեն ինչ սկսեց հին և մաշված թվալ: Կյանքի նկատմամբ հետաքրքրությունս սկսեց մարել»:
Անսպասելիորեն Սյուզանն աջակցություն գտավ Երեմիայի Ողբ գրքում, որը գրվել էր Բաբելոնի բանակի կողմից Երուսաղեմի գրավումից հետո: Այս գրքում մարգարեն նկարագրում է այն վիշտը, որը նա զգացել էր իր ժողովրդի հետ միասին: Այնուամենայնիվ, հուսահատության միջով հույսի շող է անցնում: «Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը», – ասում է Երեմիան (հ․ 22-23):
Սյուզանը հիշեց, որ Աստծո ողորմությունն ամեն օր անխոնջ կերպով ճանապարհ է հարթում մեզ համար: Երբ թվում է, թե հանգամանքների ծանրության ներքո այլևս հույս չկա, կարևոր է հիշել Աստծո հավատարմության մասին և համբերությամբ սպասել Նրա խնամքի դրսևորմանը: Տիրոջը կարելի է վստահել՝ իմանալով, որ մեր հույսը երբեք զուր չի լինի (հ․ 24-25): Այն երաշխավորված է Նրա անփոփոխ սիրով և կարեկցանքով:
«Աստծո ողորմությունը՝ ահա այն նոր բանն է, որ ես ունենում եմ ամեն օր, – ասում է Սյուզանը: – Ես կարող եմ հույսով նայել դեպի առաջ»:
Աղոթք – Փա՛ռք Քեզ, Տե՛ր, որ կյանքիս ամեն մի օրն իր հետ բերում է Քո հավատարիմ և անմնացորդ ողորմությունը: Ամեն։
Դժվար իրավիճակներում երբեմն ոչ մի հույս չենք տեսնում, սակայն Աստծո սիրո խոստումներն «ամեն առավոտ նորանում են»՝ մեզ հույս ներշնչելով։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսթեր 1-2, Գործք Առաքելոց 5․ 1-21