Ելք 3․ 1-10 Չորեքշաբթի | Հունիսի 19
Ուստի արի՛ հիմա քեզ ուղարկեմ փարավոնի մոտ, և հանի՛ր Եգիպտոսից իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին։ Ելք 3․ 10
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾ
Երկուսուկես տարի է անցել այն պահից, երբ ավարտվեց Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, և նախագահ Աբրահամ Լինքոլնը հայտարարեց ստրուկների ազատության մասին լուրը: Սակայն հին կարգը դեռևս շարունակվում էր Տեխասում։ Այնուհետև 1865 թվականի հունիսի 19-ին գեներալ Գորդոն Գրեյնջերը մտավ Տեխասի Գալվեստոն քաղաք և պահանջեց ազատ արձակել բոլոր ստրուկներին։ Պարզապես պատկերացրե՛ք, թե ինչպիսի ցնցում ու ուրախություն ապրեցին դժբախտ մարդիկ, երբ իմացան, որ ազատվել են ստրկությունից և տեսան, որ կապանքներն ընկնում են իրենց ձեռքից։
Աստված տեսնում է ճնշվածներին և մի օր ազատություն կպարգևի նրանց, ովքեր գտնվում են անարդար լծի տակ: Այդպես էր Մովսեսի օրոք։ Աստված հայտնվեց նրան այրվող մորենու միջից և ասաց. «Ես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի չարչարանքը» (հ․ 7): Տերը ոչ միայն տեսնում էր եգիպտացիների դաժանությունն Իսրայելի նկատմամբ, այլև մտադիր էր վերջ տալ այդ ամենին։ «Եվ իջա, որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր», - հայտարարեց Նա (հ. 8): Եվ Մովսեսը պետք է դառնար ազատության ավետաբերը. «Քեզ ուղարկեմ փարավոնի մոտ, և հանի՛ր Եգիպտոսից իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին», - ասաց Տերը Մովսեսին (հ. 10)։
Թեև Տիրոջ կողմից նշանակված ժամանակը կարող է գալ ոչ այնքան արագ, որքան մենք կցանկանայինք, սակայն պետք է վստահ լինենք, որ մի օր Նա մեզ կտա երկար սպասված ազատություն ցանկացած ճնշումներից և անարդարությունից, քանի որ Նա հույս և ազատություն է տալիս բոլոր ճնշվածներին։
Աղոթք – Սիրելի՛ Աստված, աշխարհի պատմության մեջ շատ ճնշումներ են եղել և շարունակվում են լինել, որը հանգեցնում է մեծ հուսահատության: Բայց Դու օգնի՛ր ինձ հիշել Քո՛ պատվերը և ազատություն քարոզել։ Ամեն։
Աստված հրավիրում է մասնակից լինել այն առաքելությանը, որն օգնում է աշխարհի ճնշվածներին դուրս գալ այդ իրավիճակից։
Աստվածաշունչը մեկ տարում | Նեեմիա 12-13, Գործք Առաքելոց 4․ 23-37