Բ Օրենք 24․ 17-22 Երկուշաբթի | Հունիսի 17
Երբ քո արտում հնձես քո հունձը և այնտեղ մոռանաս մի խուրձ, դա թող լինի օտարականին, որբին և որբևայրուն։ Բ Օրենք 24․ 19
ԱՌԱՏԱՁԵՌՆ ՀԱՎԱՏՔ
Մի քանի տարի առաջ մեր եկեղեցին ընդունեց փախստականների, ովքեր լքել էին իրենց երկիրը պետական հեղաշրջումից հետո: Ընտանիքները եկան այն ամենով, ինչ կարող էր տեղավորվել մեկ փոքրիկ պայուսակի մեջ: Մեր եկեղեցու անդամները հյուրընկալ ձևով բացեցին իրենց դռները նրանց առաջ: Եվ նույնիսկ նրանք, ովքեր ազատ տեղ չունեին, ջանում էին կազմակերպել նրանց կեցության հարցերը:
Իմ եղբայրների և քույրերի հյուրընկալությունը հիշեցրեց ինձ այն պատվիրանը, որն Աստված տվել էր իսրայելացիներին Ավետյաց երկիր մտնելուց առաջ (հ․ 19-21): Գյուղատնտեսական հասարակության մեջ, ինչպիսին նրանք էին, բերքահավաքը ամենակարևոր իրադարձությունն էր: Հավաքված պտուղները թույլ էին տալիս գոյատևել մինչև հաջորդ տարի: Հետևաբար, Աստծո պատվիրանը՝ թողնել բերքի մի մասն «օտարին, որբին և այրուն» (հ. 19) նաև կոչ էր վստահել Նրան: Իսրայելացիները պետք է դրսևորեին առատաձեռնություն ոչ այն ժամանակ, երբ վստահ էին, որ իրենց բավարար է, այլ մաքուր սրտից՝ վստահելով Աստծո խնամքին:
Կարիքավորների մասին հոգալը նաև հիշեցրեց հրեաներին, որ իրենք Եգիպտոսում ստրուկներ էին (հ. 18, 22), ճնշված և ունեզրկված: Առատաձեռնությունը ծառայեց որպես հիշեցում նրանց, որ Աստված ողորմած է եղել իրենց հանդեպ և ազատել է նրանց ստրկությունից:
Հիսուս Քրիստոսին հավատացողները նույնպես կանչված են առատաձեռն լինելու: Պողոսը կորնթացիներին ուղղված նամակում Քրիստոսի մասին գրում է. «Նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք» (Բ Կորնթ. 8.9): Մենք տալիս ենք, քանի որ գիտենք, թե որքան շատ է Նա տվել մեզ:
Աղոթք – Երկնային Հա՛յր, օգնի՛ր ինձ տեսնել իմ շուրջը գտնվող մարդկանց կարիքները և ցույց տուր, թե ինչպես կարող եմ նրանց օգնել: Ամեն։
Եթե մեկը քեզ օգնել է, երբ դու կարիքի մեջ էիր, հիմա քո հերթն է օգնելու նրանց, ովքեր նույն իրավիճակում են:
Աստվածաշունչը մեկ տարում | Նեեմիա 7-9, Գործք Առաքելոց 3