Սաղմոս 139․ 13-18 Չորեքշաբթի | Հունիսի 12
Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել։ Սաղմ․ 139․ 14
ԱՍՏԾՈ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ
Թեև նեյրոբիոլոգիան զգալի հաջողությունների է հասել ուղեղի աշխատանքի ըմբռնման մեջ, սակայն գիտնականներն ընդունում են, որ դեռ գտնվում են դրա ուսումնասիրության վաղ փուլերում: Նրանք հասկանում են ուղեղի կառուցվածքը, դրա գործառույթների որոշ ասպեկտները, գիտեն այն հատվածները, որոնք ընդունում են զգայական օրգանների ազդանշանները, գեներացնում շարժումները և վերահսկում հույզերը, բայց նրանք դեռ չեն կարող հասկանալ, թե ինչպես է այս ամենն ազդում վարքի, ընկալման և հիշողության վրա: Անհավանականորեն բարդ, Աստծո կողմից ստեղծված գլուխգործոցը՝ մարդը, դեռ շատ առումներով մնում է առեղծված:
Դավիթն ընդունեց, որ մարդը հրաշալի կերպով է ստեղծված: Օգտագործելով փոխաբերական լեզուն՝ նա փառաբանում էր Աստծո զորությունն ու իմաստությունը, որը «ծածկել» է նրան իր մոր որովայնում (հ․ 13): «Ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել», – գրել է նա (հ․ 14): Հին ժամանակների մարդիկ երեխայի զարգացումը մոր արգանդում համարում էին մեծ առեղծված (Ժողովող 11․5): Բայց նույնիսկ սահմանափակ գիտելիքներ ունենալով մարդու մարմնի զարմանալի բարդության մասին՝ Դավիթը զարմանում և հիանում էր Աստծո սքանչելի գործով (հ․ 17-18):
Մարդու մարմնի աննկարագրելի բարդությունն արտացոլում է մեծ Աստծո անսահման հնարավորությունները։ Այդ երևույթի շուրջ մեր արձագանքը կարող է լինել միայն հիացմունք, գովասանք և երախտագիտություն։
Աղոթք - Սիրելի՛ Աստված, գոհանում եմ Քեզնից, որ ինձ ահավոր և զարմանալի կերպով ստեղծեցիր։ Ի՜նչ զարմանալի Ստեղծիչ ես Դու: Ամեն:
Մեր մարմնի բարդ կառուցվածքը մեզ մղում է Աստծուն փառավորել ու շնորհակալություն հայտնել։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզրաս 3-5, Հովհաննես 20