.
2024թ., Հունիսի 9

Բ Կորնթացիներին 9․ 6-11                             Կիրակի   |   Հունիսի 9

Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա․․․։ Բ Կոր․ 9․7

 

ՏԱԼ ԱՌԱՏԱՁԵՌՆ ՍՐՏՈՎ

 

Դպրոցականների համար նախատեսված աստվածաշնչյան սերտողության խմբում, որ առաջնորդում է կինս՝ Սյուն, մասնակիցներին առաջարկեցին հավաքել գումար՝ Ուկրաինայում ռազմական գործողություններից տուժած երեխաներին օգնելու համար: Սյուն պատմեց այդ նախագծի մասին մեր տասնմեկամյա թոռնուհուն՝ Մեգգիին: Մի շաբաթ անց մենք նրանից նամակ ստացանք, որի մեջ երեքուկես դոլար և մի գրություն կար. «Ուղարկե՛ք երեխաներին Ուկրաինայում: Ավելի շատ չունեմ, բայց ես կկուտակեմ և հետո կուղարկեմ»:

Սյուն Մեգգիին չէր առաջարկել օգնել, բայց նա սիրում է Հիսուսին և ցանկանում է ապրել Նրա համար: Հնարավոր է, որ հենց Տերն է դրդել նրան իր համեստ խնայողությունները նվիրաբերել կարևոր գործին:

Փոքրիկ նվիրատվությունը մեծ սրտով աղջկանից արտացոլում է Պողոսի ուսմունքը զոհաբերության մասին, որը նա ներկայացրեց Կորնթացիներին ուղղված իր երկրորդ թղթում: Նախ և առաջ, առաքյալը կոչ է անում «առատությամբ սերմանել» (h. 6): Տալ բոլորն, ինչ կա, իհարկե, շատ առատաձեռն է: Պողոսն նաև գրեց, որ պետք է տալ «ոչ թե հարկադրաբար և ոչ թե տրտմությամբ», այլ «ուրախ սրտով» (հ. 7): Բացի այդ, նա մեջբերում է 112-րդ Սաղմոսը (հ. 9), որտեղ խոսվում է կարիքավորներին օգնելու մասին (h. 9):

Երբ հնարավորություն է առաջանում առատաձեռնություն դրսևորելու, եկե՛ք հարցնենք Աստծուն, թե ինչպե՞ս Աստված կցանկանա, որ մենք պատասխանենք: Մեր ուրախ սրտով օգնությունը կարիքավորներին «Աստծուն մատուցվող գոհություն» է (հ․ 11): Թո՛ղ Նա մեզ մեծ, առատաձեռն սիրտ պարգևի:

Աղոթք – Սիրելի՛ Հայր, խնդրում եմ, առաջնորդի՛ր ինձ լինել առատորեն տվող Քո կամքի համեմատ, որպեսզի այն արտացոլի Քո առատաձեռնությունը։ Ամեն։

 

Երբ մեր շուրջը տեսնում եք զանազան կարիքներ, խնդրեք Աստծուն, որպեսզի տա առատաձեռն լինելու հոգի, որպեսզի կարողանանք տալ մեծ սրտով։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 32-33, Հովհաննես 18․ 19-40