.
2024թ., Հունիսի 8

Ծնունդ 35․ 1-5                                                                                           Շաբաթ   |   Հունիսի 8

Ուրեմն հիմա դե՛ն գցեք ձեր մեջ եղած օտար աստվածները և ձեր սիրտն Իսրայելի Տեր Աստծո՛ւն դարձրեք։ Հեսու 24․23

 

ՕՏԱՐ ԱՍՏՎԱԾՆԵՐ

 

Աստվածաշնչի սերտողության տղամարդկանց խմբի անդամները մոտ ութսուն տարեկան էին: Հետևաբար, ես զարմացա, երբ իմացա, որ նրանք ունեն ցանկասիրության հետ կապված խնդիրներ: Երիտասարդ տարիքից սկսված պայքարը չէր հանդարտվել անգամ ծերության հասակում: Ամեն օր նրանք Աստծուց օգնություն են խնդրում և ապաշխարում են, երբ թույլ են տալիս, որ մեղքը մուտք գործի իրենց սիրտ:

Մեզ կարող է զարմացնել, որ երկար տարիների փորձառությամբ քրիստոնյաները կյանքի ուշ փուլում, պայքարում են փորձությունների դեմ: Բայց այստեղ զարմանալի ոչինչ չկա: Տարբեր կուռքեր, որոնք սպառնում են գրավել Աստծո տեղը մեր կյանքում, կարող են հայտնվել նույնիսկ այն բանից հետո, երբ մենք մտածում ենք, որ դրանք հաղթահարել ենք:

Ահա մի քանի օրինակներ Աստվածաշնչից. Երբ Հակոբը վերադարձավ իր քեռի Լաբանի մոտից դեպի Ավետյաց Երկիրը և եկավ Բեթել, որպեսզի երկրպագի Աստծուն և շնորհակալություն հայտնի նրան բազմաթիվ օրհնությունների համար, նրա հարազատները դեռ երկրպագում էին օտար աստվածներին, որոնց Հակոբը հետո թաղեց (հ․ 2-4): Հեսու գրքի վերջին էջերում, այն բանից հետո, երբ իսրայելացիները հաղթեցին թշնամիներին և հաստատվեցին Քանանում, Հեսուն կոչ արեց նրանց թողնել օտար աստվածներին և սրտով դառնալ դեպի Տերը (Հեսու 24․23): Դավիթ թագավորի կինը՝ Մեղքողան, կարծես թե նույնպես ուներ կուռքեր, քանի որ դրեց նրանցից մեկին մահճակալում, որպեսզի խաբի զինվորներին, ովքեր եկել էին սպանելու Դավթին (Ա Թագ. 19․11-16):

Առօրյա կյանքում կուռքերն ավելի հաճախ են հանդիպում, քան մենք կարծում ենք, իսկ Աստված ավելի համբերատար է, քան մենք արժանի ենք: Ինքներս մեզ նվիրենք Քրիստոսին, մերժենք ամեն մեղք, և Նա մեզ ներում կշնորհի:

Աղոթք – Երկնային Հա՛յր, խոստովանում և Քո առջև եմ բերում մեղքերս ու երախտագիտությամբ սպասում ներմանդ՝ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն։

 

Ո՞րն է ամենադժվար փորձությունը և մեղքը։ Ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում մեր կյանքում եղած կուռքերը հեռացնելու համար։

 

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 30-31, Հովհաննես 18․ 1-18